Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհն իսկական պատուհաս` վարորդների համար

17:20, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհն իսկական պատուհաս` վարորդների համար
     Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր փակել էին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը: Գյուղացիները բողոքում են, որ պետական նշանակության ճանապարհն ամբողջովին քանդուքարափ վիճակում է, երթևեկել չի լինում։ Նրանք պահանջում են վերանորոգել այն։ Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ ճանապարհով անցնել հնարավոր չէ. «Դարուփոսերը այնքան շատ են, որ ավտոմեքենայով անցնելն անհնար է, ոչ ոք չի ցանկանում գալ գյուղ, նույնիսկ շտապօգնության մեքենան է դժվարությամբ գալիս: Եղել են նաև դեպքեր, որ ճանապարհի պատճառով վերջինները հրաժարվել են օգնություն ցուցաբերելուց»,-ասաց գյուղապետը:
    
     Բողոքող վարորդներից Սիմոնը, ով Վարդենիկ գյուղից է, մեզ հետ զրույցում ասաց. « էդ անտեր ճանապարհի պատճառով եղբայրս արդեն երկու ամիսա չի եկել գյուղ, որովհետև ամեն գնալ գալուց մեքենան քարուքանդ ա լինում, մեքենայի հերն անիծվել ա, ամեն անգամ Վարդենիս գնալ գալուց մեքենայի մի մասը վնասվում ա: 100 հազարներով փող ենք ծախսում, որ մեքենան սարքենք, իսկ պետությունը ճանապարհը բարեկարգելու փոխարեն փողերն ուտումա»,-դժգոհեց մեր զրուցակիցը:
    
     Ի դեպ, նշենք, որ վերոնշյալ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է:
    
     «Պատերազմական իրավիճակում ենք գտնվում, ամեն պահի կարող են էդ ուղղությամբ հարձակվել, իսկ նման կարևոր նշնակություն ունեցող ճանապարհը քանի տարի է` այս վիճակում է գտնվում»:
    
     Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վարորդների բողոքը տեղին է. «Ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների նախահաշվարկն արդեն պատրաստ է, մինչև հունիսի վերջ հայտնի կլինի հաղթող ընկերության անունը, որից հետո կսկսվեն ավտոճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքները»:
    
     Հավելենք, որ խնդրին օրեր առաջ անդրադարձել էր նաև ռեժիսոր Արշակ Զաքարյանը, վերջինը ճանապարհի անբարեկագ վիճակի մասին տեսանյութ է հրապարակել:
4161 | 3
Facebook