Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կամո Արեյանը` Նժդեհի արձանի և քաղաքապետարանի խնայողությունների մասին

15:20, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Կամո Արեյանը` Նժդեհի արձանի և քաղաքապետարանի խնայողությունների մասին

Այսօր` Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում, փոխքաղաքապետ Կամո Արեյանն` անդրադառնալով Գարեգին Նժդեհի արձանի շուրջ բարձրացված աղմուկին, թե Նժդեհի արձանն անճաշակ է ու Նժդեհին ընդհանրապես նման չէ, այլ Պետրոս Առաջինին է նման, ասել է, որ սկզբում բոլոր արձանների շուրջ էլ լինում են խոսակցություններ, հետո մարդիկ ընտելանում են: «Լինենք անկեղծ` ճաշակի հարց է: Շատերն ուզում են հենց դեմքը պատճենահանված տեսնել՝ այնպես, ինչպես մարդը լուսանկարում: Երբեմն քանդակագործները ներդնում են նաև իրենց ֆանտազիան, իրենց բարձր երևակայությունը, իրենց կենսագրության ընդհանրության մեջ են տեսնում: Իհարկե, ցանկացած արձան դիմահար պետք է ասի այն մասին, թե ով է այդ անձը»,- բացատրել է քաղաքապետի տեղակալը:

Հարցին՝ խուճուճ, երկար մազերով Նժդեհ ո՞վ է տեսել և թե ինչու այդ արձանը Շենգավիթի հրապարակում չկանգնեցվեց, այլ՝ Վերնիսաժի այգում, Կ. Արեյանը պատասխանել է. «Ամենաանհաջող տեղն է Շենգավիթի հրապարակում արձան տեղադրելը: Նժդեհի արձանի տեղը, կարծում եմ, շատ ճիշտ տեղ է: Նժդեհը մոնումենտալ արձան է, բավականին շքեղ, առնական: Քանդակագործն իր որոշակի երևակայությունն է դրել, բայց, այնուամենայնիվ, նմանությունը կա: Բոլորը գիտեն, որ դա Գարեգին Նժդեհն է, կընտելանան մարդիկ, կհասկանան»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե գերեզմանոցներում ավելի լավ քանդակներ, արձաններ կարող ենք տեսնել, քան քաղաքում տեղադրվածներն են, փոխքաղաքապետը պատասխանել է. «Համաձայն չեմ, ի սեր Աստծո, ամենևին համաձայն չեմ: Արվեստը երբեք չշփոթենք գերեզմանոցային արհեստի հետ»:

Հիշեցնենք` օրերս Երևանի Խաչքարերի պուրակում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը։ Արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 28-ին, Հայաստանի առաջին անկախության օրը:

Արձանի հեղինակը քանդակագործ Գագիկ Ստեփանյանն է, որն արձանի վրա սկսել է աշխատել 2011 թվականից։


     Վերջում, Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է կրճատվող ծառայողական ավտոմեքենաների թեմային` նշելով, որ քաղաքապետարանը միշտ աշխատել է հնարավորինս խնայող լինել: «Քաղաքապետարանում, մշտապես, մեր ուշադրության կենտրոնում է եղել բյուջետային միջոցների խնայողության խնդիրը: Մենք հիմա էլ ենք գնում խնայողությունների` արդեն 26 մեքենայի կրճատման խնդիրը լուծվում է»:
    
    

8356 | 2
Facebook