Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայերը խաղաղություն սիրող մարդիկ են, բայց նրանք ունեն իրավունք՝ պայքարելու իրենց հողի համար». Դանիել Դեքերը կրկին Հայաստանում է

12:10, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Հայերը խաղաղություն սիրող մարդիկ են, բայց նրանք ունեն իրավունք՝ պայքարելու իրենց հողի համար». Դանիել Դեքերը կրկին Հայաստանում է
     Ամերիկացի երաժիշտ, երգահան Դանիել Դեքերը կրկին Հայաստանում է: Սա նրա 15-րդ այցելությունն է Հայաստան. առաջին անգամ մեր երկրում եղել է 2001-ին և այդ ժամանակից ի վեր սկսել է համագործակցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։
     Երաժիշտը հանդիպում է ունեցել մշակութային բուհերի ուսանողների հետ, որի
ընթացքում խոսել է հայերի նկատմամբ տածած իր մեծ սիրո, Ցեղասպանության, իր թողարկած «Հայ եմ իմ ընտրությամբ» հայալեզու ձայնասկավառակի և այլ թեմաների մասին:
     Դանիել Դեքերն առաջին ոչ հայ երաժիշտն է, որը թողարկել է ձայնասկավառակ բացառապես հայալեզու երգերով։
    
«Ես ծնունդով հայ չեմ, սակայն իմ ընտրությամբ եմ հայ»,- ասել է Դեքերը և երիտասարդներին ցույց տվել 2015 -ին ստացած իր հայկական անձնագիրը. «Ես հպարտորեն ձեր դիմաց նստած եմ ու կարող եմ ասել՝ ես ձեզանից մեկն եմ»։
    
Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ ամերիկացի երաժիշտը նշել է, որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ նշանակություն ունի Արցախը հայ ժողովրդի համար։ «Հայաստանից, ԼՂՀ-ից դուրս գտնվող մարդիկ իրականում չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ Ապրիլյան պատերազմի օրերին ես ֆեյսբուքում իմ հետևորդներին գրառում թողեցի՝ ասելով՝ Արցախը պատմական հայկական հող է, որտեղ դարեր շարունակ ապրել են հայերը։ Եվ միակ պատճառը, որ ադրբեջանցիները նկրտումներ ունեն Արցախի նկատմամբ, բխում է ստալինյան քաղաքականությունից։ Ստալինը հենց այնպես Արցախը հանձնեց ադրբեջանցիներին, որի նպատակը Խորհրդային Միությունում ազգային ինքնության գաղափարը ջնջելն էր։ Սակայն այն հայկական տարածք է և իրավամբ հայերին է պատկանում։ Հայերը խաղաղություն սիրող մարդիկ են, բայց նրանք ունեն իրավունք՝ պայքարելու իրենց հողի համար»,- ասել է Դեքերը։
2787 | 0
Facebook