Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից»․ Հենրիխ Մխիթարյան

14:15, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
«Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից»․ Հենրիխ Մխիթարյան

Լոս Անջելեսում գտնվող՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են լրագրողների հետ՝ հույս հայտնելով, որ խաղերի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով։ Խոսելով Գվատեմալայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին՝ Մխիթարյանը նշել է․
     «Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է մեզ համար, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին»։
     Հարցին, հնարավոր է արդյոք, որ նա երբևէ հանդես գա Լոս Անջելեսում, Հենրիխը պատասխանեց․
     «Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ և վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։ Մեզ համար շատ կարևոր և հաճելի է գտնվել այստեղ։ Առավել կարևորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է զանազան հիվանդություններ ունեցող և անօթևան երեխաների հիմնադրամին Հայաստանում։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով»։
     Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունների մասին, Մխիթարյանը նշեց․
     «Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն, կարծում եմ, պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում»։
     Խոսելով Դորտմունդի «Բորուսիա»-ից այլ ակումբ տեղափոխվելու մասին՝ մեր հավաքականի ավագը նշեց․
     «Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի ազգային հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին»։
     Անդրադառնալով Եվրո-2016-ի հավանական հաղթողին՝ Հենրիխը նշեց․
     «Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա»։
     Վերջում Մխիթարյանը խորհուրդներ տվեց իրենց խաղային կարիերան նոր սկսող ֆուտբոլիստներին․
     «Առաջին հերթին կարող եմ ասել, որ ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից»։

2390 | 0
Facebook