Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կներեք, IQ ի՞նչ էր». Դավիթ Հարությունյանի հարցը` Նաիրա Զոհրաբյանին

15:25, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
«Կներեք, IQ ի՞նչ էր». Դավիթ Հարությունյանի հարցը` Նաիրա Զոհրաբյանին

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 2015 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե ինչու է մերժվում ԲՀԿ-ական պատգամավորների՝ ոստիկանության արտաբյուջեն բյուջե բերելու մասին նախագիծը: «Կոռուցպիայի դեմ սրբազան պայքար է տարվում, քննարկվում է արտաբյուջեների հարցը, ինչպե՞ս հասկանալ, երբ կառավարությունը մերժում է մեր գործընկեր պատգամավորի նախագիծը, որ ոստիկանության արտաբյուջեն գնա բյուջե, որ չունենանք բյուջե ու «դաբլ» բյուջե»,- ասաց Զոհրաբյանը: Այնուհետև, անդրադառնալով ԾԻԳ-երի խնդրիներին, ասաց, որ վարչապետի հայտարարության մեջ կար ակնարկ՝ կրճատել նաև ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը: Անձամբ ինքը առաջարկել է կրճատել ԾԻԳ-երում բարձր աշխատավարձերը, որոնք սկսվում են 500 դրամից մինչև անսահմանություն. «Հարվարդի համալսարանն ավարտած երիտասարդը կարող է դժվարություններ ունենալ ԾԻԳ-երում աշխատանքի ընդունվելու համար, մինչդեռ IQ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցողը կարող է հաղթել մրցույթում: Բոլորս էլ գիտենք` ով ինչպես է հայտնվում այդ մրցույթում»,- ասաց պատգամավորը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ պատգամավորի բարձրացրած խնդիրներին` առաջին հերթին փորձելով պարզել, թե ինչ է IQ-ն: «Կներեք, IQ ի՞նչ էր»,- հարցրեց Հարությունյանը: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե ինտելեկտի դոզա:

Շարունակելով խոսքը` Դավիթ Հարությունյանն ասաց, թե կոռուպցիայի դեմ սրբազան պատերազմը դեռ չի ավարտվել և այդ պայքարը պետք է մղեն պատգամավորների հետ միասին: «Խորհուրդ եմ տալիս հոռետեսորեն չտրամադրվել ԾԻԳ-երի նկատմամբ, բանն այն է, որ ԾԻԳ-երը ստեղծվում են վարկային ծրագրի շրջանակներում: IQ-ն որևէ դերակատարում չունի ընդունելության հարցում, կան մասնագիտական կարևոր պահանջներ»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը: Զոհրաբյանն էլ հավելեց, որ ԾԻԳ-երում աշխատանքի ընդունվածների IQ-ն բավարարում է սովորական սուրճը լուծվող սուրճից տարբերելու համար:

Անդրադառնալով ոստիկանության արտաբյուջեի վերաբերյալ` պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, նա հիշեցրեց, որ կառավարությունն է դրան բացասական եզրակացություն տվել, ոչ թե ինքը` անձամբ, և ինքը ընդամենը կառավարության մեկ նախարար է: Ապա առաջարկեց Նաիրա Զոհրաբյանին` այդ հարցն ուղղել կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

4497 | 6
Facebook