Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայկալ լիճն անհետացման սպառնալիքի տակ է

19:10, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Բայկալ լիճն անհետացման սպառնալիքի տակ է

Բայկալ լիճը գտնվում է բնապահպանական աղետի սպառնալիքի տակ, իսկ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում` այն կարող է անհետանալ: Այս մասին գրել է Известия պարբերականը` վկայկոչելով կառավարության և էներգետիկ առաջատար կազմակերպություններում իր աղբյուրները:

Պարբերականի հաղորդմամբ` ՌԴ Էներգետիկայի նախարարությունը փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում տվյալներ են ներկայացվել այն մասին, որ Մոնղոլիան ցանկանում է 3 ՀԷԿ կառուցել Սելենգա գետի և դրա վտակների վրա: Այս գետը Բայկաը սնուցող խոշորագույն գետն է: Այս ծրագիրը բնապահպանական բացասական ազդեցություն կթողնի աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լճի վրա:

Նշվում է, որ Մոնղոլիան դժգոհ է տնտեսական այն պայմաններից` համաձայն որոնց էլեկտրաէներգիա է ստանում Ռուսաստանից, և հիդրոկայանների կառուցման նախագծի չեղարկման համար Մոսկվան ստիպված է նոր առաջարկներ ներկայացնել Մոնղոլիային: Ի դեպ, Սելենգա գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի գլխավոր հովանավորը Չինական բանկն է, որ 827 միլիոն դոլար է առանձնացրել դրա իրականացման համար:

Հաղորդվում է, որ հիդրոկայանների կառուցման, նաև ջրամբարների շինարարության և դրանց հետագա շահագործման դեպքում էականորեն կփոխվի նաև մոտակա գետերի հիդրոլոգիական ռեժիմը: Կփոփոխվեն նստվածքաշերտերի հունը, ջրի որակը, ջերմաստիճանային ռեժիմը, ջերմոցային գազերի արտանետման ծավալները, ինչը կանդրադառնա կլիմայի փոփոխության վրա, կավելանա նաև հեղեղումների սպառնալիքը:

Այսպիսով, Բայկալին կարող է սպառնալ Կենտրոնական Ասիայում գտնվող Արալյան լճի ճակատագիրը: Խորհրդային տարիներին այդ լիճը սնուցող գետերի հունը փոխվեց` բամբակի դաշտերը ջրելու համար: Եվ Արալյան լիճը, որ աշխարհի 4-րդ խոշորագույն լիճն էր, այժմ վերածվել է անապատային տարածքի:

8985 | 0
Facebook