Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամբողջ բերքս թափվելա, մենակ ճյուղերն են մնացել». կարկուտից տուժած գյուղացիների հույսը կառավարության «ֆայմն» է

12:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
«Ամբողջ բերքս թափվելա, մենակ ճյուղերն են մնացել». կարկուտից տուժած գյուղացիների հույսը կառավարության «ֆայմն» է

Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում երեկ տեղացած կարկուտը հիմնահատակ ավերել է հողատարածքները։ Գյուղացիներից Սրապիոն Գևորգյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ հակակարկտային կայանների հետ խնդիր է եղել՝ չեն կրակել։ Ստեղծված հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է կրած վնասների չափը։ «Կարկուտն ավիրեց գիլասի ամբողջ բերքն ու, փաստորեն, կայանները չաշխատեցին: Ամբողջ բերքը փշրվեց, պրծավ` նոր կայաններն սկսեցին աշխատել: Տոննաներով բերքս կորավ: Սրա պատասխանը ո՞վ է տալու: Երեխուս ուսման վարձը պետք է տամ, ընտանիք պահեմ»,- նեղսրտեց Գևորգյանը:

Կարկուտից տուժել է նաև նույն մարզի Շենավան գյուղը: Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ նախնական տվյալներով՝ Շենավանը 100%-ով տուժել է:

«Յուրաքանչյուր գյուղացի մոտ 2-3 միլիոնի վնաս է կրել. մի քանի տոննա կեռասի բերք ենք կորցրել: Կարկուտն ավիրելա ողջ բերքս, ամբողջը թափվել ա, մենակ ճյուղերն են մնացել: Հիմա պետք է նստենք թախտին, սպասենք բախտին: Տեսնենք կառավարությունն ինչքան գումար դուրս կգրի»,- ասաց Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչ Պապին Հակոբյանը:

Նրանք պնդում են, որ հակակարկտային կայանները ժամանակին չեն գործել և իրենց ողջ բերքը կարկտահարվել է. «Եթե հակակարկտային կայանները գործարկվեին, մենք այսօր առանց ապրուստի միջոցի չէինք մնա։ Հինգ հակակարկտային կայաններից միայն մեկն է կրակել, այն էլ ուժեղ կարկուտի դեմն առնել չի հաջողվել: Թող կառավարությունը ֆայմի մի բանով գյուղացուն օգնի, էլ ո´չ փող կա, ո´չ էլ եկամտի աղբյուր»:

Մեր թղթակցի հետ զրույցում, Գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանն անդրադառնալով խնդրին, տեղեկացրեց, որ այժմ մարզպետարաններում հանձնաժողովներ են ստեղծվել` գնահատելու վնասի չափը: «Նրանք աշխատանքներ են իրականացնում կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասների չափը պարզելու համար: Ուսումնասիրություններն ավարտելուց հետո, հանձնաժողովներն արդյունքները կնրկայացնեն նախարարություն, ըստ այդմ հարցը կքննարկվի»:
    
    

5170 | 1
Facebook