Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայրս Հայաստանի Մայքլ Ջորդանն է, բոլոր ժամանակների ամենահայտնի մարզիկը». Յուրիկ Վարդանյանի որդին՝ հոր, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու և Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու մասին

19:25, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
«Հայրս Հայաստանի Մայքլ Ջորդանն է, բոլոր ժամանակների ամենահայտնի մարզիկը». Յուրիկ Վարդանյանի որդին՝ հոր, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու և Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու մասին

Անվանի ծանրորդ Յուրիկ Վարդանյանի որդին՝ Նորիկ Վարդանյանը, մտադիր է մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին՝ ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Նորիկը կմասնակցի մայիսի 5-ից 8-ը Սոլթ Լեյք Սիթիում կայանալիք ծանրամարտի ԱՄՆ-ի ազգային առաջնությանը և «U.S. Olympic Team Trials» վարկանշային մրցաշարին։ Այս մասին հայտնել է մարզիկը՝ «Team Usa»-ին տված հարցազրույցում։

«Ես նախընտրեցի վերադառնալ, քանի որ ամերիկացի եմ։ Ես մեծացել եմ այստեղ։ Ապրում եմ ամերիկացու պես, հագնվում եմ ամերիկացու պես, լսում եմ ամերիկյան երաժշտություն, նայում եմ ամերիկյան ֆիլմեր։ Ես սիրում եմ այն փաստը, որ հայ եմ, ինձ սխալ մի հասկացեք։ Սակայն ես ուզում եմ ապրել Ամերիկայում։ Ուզում եմ երեխաներս ամերիկացի լինեն։ Ուզում եմ նրանք այստեղ մեծանան՝ ամերիկյան կենսակերպով։ Հիանալի էր ներկայացնել Հայաստանը, բայց էլ ավելի հիանալի է ներկայացնել ԱՄՆ-ն»,- նշել է Նորիկը։
     Նա ավելացրել է, որ հայրը հարգել է իր որոշումը․
     «Հայրս ասաց․ «Մեծ մարդ ես, կայացնում ես քո որոշումները»։ Նա գիտեր, որ ես պատրաստվում էի վերադառնալ ԱՄՆ և լուրջ զբաղվել իմ գործով։ Նա ուզում է, որ ես մարզվեմ և հաճույք ստանամ իմ գործից։ Նրան դուր է գալիս այն փաստը, որ ես ամեն օր մարզասրահում եմ։ Նրան դուր է գալիս, որ ես հետ բերեցի ծանրամարտը մեր ընտանիք։ Հետ բերեցի Վարդանյան ազգանունը։ Հայաստանում, օրինակ, ես կարծես ապրում էի հորս ստվերում, քանի որ նա շատ հիանալի մարզիկ էր։ Յուրիկը ոչ միայն ծանրամարտի Մայքլ Ջորդանն է, այլ Հայաստանի Մայքլ Ջորդանը։ Նա Հայաստանի բոլոր ժամանակների ամենահայտնի մարզիկն է։ Նա կարող է գնալ յուրաքանչյուր ռեստորան և չվճարել իր պատվերի համար, որովհետև նրան կճանաչեն և թույլ չեն տա վճարել։ 2005-ին հորս հրավիրել էին Քաթար՝ Դոհա՝ որպես բոլոր ժամանակների մեծագույն ծանրորդ։ Ինձ էլ էր իր հետ տարել։ Երբեք չեմ մոռանա այդ այցը։ Դահլիճ մտանք։ Կանանց պայքարն էր։ Եվ մարզուհիների ողջ ամբոխը, տեսնելով հորս, սկսեց աղմկել։ Մտածեցի․ «Այս կանայք այստեղ պայքարում են աշխարհի չեմպիոնի կոչման համար, սակայն ոչ ոք հիմա այդ մասին չի մտածում, նայում են հորս։ Այդ մասին մտածում էին միայն երեք մրցավարները, որոնք նույնպես նայում էին հորս։ Ինձ համար հիանալի զգացում էր դա տեսնելը։ Այդ ժամանակ ես գիտակցեցի, թե ով է նա։ Ես գիտեի, որ նա մեծ մարդ է, բայց չէի պատկերացնում, որ այդպիսի ազդեցություն կթողնի, երբ կմտնենք դահլիճ։ Հետո մեզ շուտափույթ մոտեցավ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը՝ րոպե առաջ հորս ողջունելու։ Ես այդ պահին մտածեցի․ «Հայրս ուղղակի զիլ է»»։
     Նորիկը նշել է սակայն, որ լեգենդի որդի լինելը բեռ է․
     «Շուրջբոլորն ինձ համեմատում են հորս հետ։ Եթե նույնիսկ ես դառնամ օլիմպիական խաղերի չեմպիոն, նրանք կասեն․ «Լավ, բայց դու չես գրանցել աշխարհի 5 ռեկորդ, ինչ արել է հայրդ»։ Անցած տարի Հայաստանում էի, և ինձ զգում էի կարծես ես չլինեի։ Ես միշտ հորիցս ավելի վատն եմ լինելու այնտեղ։ Այդ պատճառով որոշեցի ընտրել այս ուղին և մաշել սեփական կոշիկներս։ Որոշեցի վերադառնալ ԱՄՆ և սկսել ապրել սեփական կյանքս։ Մարզումներիս փիլիսոփայությունը խառնուրդ է՝ հորս սովորացրածի, Հայաստանում սովորածիս և իմ ներքին ձայնի»։

7213 | 5
Facebook