Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստները. OSTKRAFT

16:40, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Հայտնի են քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստները. OSTKRAFT

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք:
     Սակայն OSTKRAFT ռուսական վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:
     OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցությունների սեղան, փոխանցում է «Արցախպրես»-ը:
     «Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված են երևում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի»,- նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ-ի հնարավոր ճանաչումն է:
     OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ և ԼՂ-ի միջև, ինչի համար և Հայաստանում, և ԼՂ-ում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել են շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղություններով հարձակում գործելու մեջ:
     Ադրբեջանը մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ իր ագրեսիայի արդյունքում կրած կորուստի իրական չափը: Meydan TV-ն իր հետազոտությունների արդյունքներով հայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող և միաժամանակ նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
     Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է:
     Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

20604 | 5
Facebook