Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորյուն Նահապետյանն` Ադրբեջանի` Նախիջևանի սահմանին կուտակած զինտեխնիկայի ու Հայաստանի սպառազինության ուշացման մասին

14:50, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Կորյուն Նահապետյանն` Ադրբեջանի` Նախիջևանի սահմանին կուտակած զինտեխնիկայի ու Հայաստանի սպառազինության ուշացման մասին

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց. «Իրավիճակը վերահսկելի է: Ե՛վ ՊՆ ղեկավարությունը, և՛ ԶՈՒ գլխավոր շտաբը տիրապետում են իրավիճակին: Մեր զորախմբերը պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, մարտունակության մակարդակը շատ բարձր է և բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաև այդ ուղղությամբ, այդ կապակցությամբ ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետև համապատասխան տարածքը ևս վերահսկվում է»:

«Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին. ինչո՞ւ է ուշանում Հայաստանի սպառազինությունը»,- անդրադառնալով հասարակությանը հուզող մեկ այլ թեմայի` հարցրին լրագրողները: «Աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Պետք է վստահ լինել, որ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները երկու կողմերը կիրականացնեն սահմանված ժամկետներում և սահմանված կարգով: Չեմ կարող` օր կամ ժամ ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զինելուն` սուր քննարկումներ են ընթացել, մեր պատգամավորները ներկայացրել են խիստ դիրքորոշումներ այդ մասին: Ռուսական կողմը շարունակում է քննարկել իրենց խորհրդարանի ներքին ընթացակարգերին համապատասխան: Հուսով ենք` շուտով կլինի արձագանք»:
8692 | 1
Facebook