Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի վաշխառու էլ Հերմինե Նաղդալյանն ա, մեռավ թալանելով». քաղաքացիները պահանջում են ԱԺ փոխնախագահի հրաժարականը

17:50, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Մի վաշխառու էլ Հերմինե Նաղդալյանն ա, մեռավ թալանելով». քաղաքացիները պահանջում են ԱԺ փոխնախագահի հրաժարականը

«Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին: «Գևորգ Չաուշի 14/3 շենքում չնչին գումարներով ուրիշներին պատկանող 14 բնակարաններ է ձեռք բերել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը։ Վերջինը դատական նիստերի ժամանակ ասել է, որ բնակարանները կվերադարձնի միայն այն ժամանակ, երբ իրեն փոխհատուցեն։ Մի վաշխառու էլ Հերմինե Նաղդալյանն ա, իրան համ ուրիշի տներն ա պետք, համ հողերն ա պետք, համ միլիոնները, մեռավ թալանելով, ինչքան բողոքում ենք, պատժելու փոխարեն պաշտոն են բարձրացնում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից Կարինե Վանյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք պահանջում են Հերմինե Նաղդալյանի հրաժարականը: «Իշխանությունից որևէ մեկը տեր չի կանգնում մեզ ու տեր կանգնելու փոխարեն պաշտոններ են բարձրացնում, կամ սատարում են Հերմինեին: Պետք է նրան սատարողները ևս հրաժարական տան, իրանք թքած ունեն ժողովրդի վրա, ու իրենց չի հետաքրքրում թե մենք ինչպես ենք շան նման մեռնում»,- ասաց բնակչուհին:
     Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007»-ի ներկայացուցիչները տարիներ առաջ գումարներ էին հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Այնուհետ ընկերությունը հայտարարել էր ֆինանսական խնդիրների մասին, և շինարարությունն անավարտ էր մնացել: Կառուցապատող ընկերության ղեկավարներն, առանց բնակիչներին տեղյակ պահելու, նրանց կիսակառույց բնակարանները գրավ էին դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:

5397 | 4
Facebook