Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի». Հայկ Բալասանյան

18:15, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի». Հայկ Բալասանյան

Պատմաբան Հայկ Բալասանյանն ի տարբերություն շատերի դրական է վերաբերվում, երբ սահմանային լարված այս օրերին բոլորն` անկախ մասնագիտությունից իրենց թույլ են տալիս քաղաքական վերլուծություններ անել:

«Կարևոր եմ համարում ոչ թե վերլուծության մակարդակը, այլ հասարակության ակտիվության աստիճանը: Երբեմն ծառայած զինվորն ավելի լավ է վերլուծում սահմանին վերաբերող խնդիրները, քան չծառայած քաղաքագետը: Ի վերջո, մեր հասարակությունը կարողանում է թացը չորից զանազանել և զտել առկա վերլուծությունների բազմազանությունը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբանը:

Անդրադառնալով լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականությանը, նա կարծիք հայտնեց, որ երբ երկու հակամարտող կողմերի միջև չկա փոխըմբռնում, այսինքն` մեկը պահանջում է, իսկ մյուսը`մերժում, ապա հարցի լուծումը մտնում է փակուղի: «Սրանով մերժող կողմը ասում է. «Կարող ես, վերցրու», իսկ պահանջատեր կողմը` «Չտվող չկա, լավ ուզող է պետք»: Որպես կանոն՝ նման իրավիճակներում (հակամարտող կողմերի անդրդվելիության պարագայում) պահանջատեր կողմը փորձում է տարաձայնությունը լուծել «երկաթով և արյամբ»: Վերոհիշյալ կաղապարը արցախյան հիմնախնդրի պարագայում մասամբ է գործում, քանի որ այստեղ հիմնականում բացակայում է կողմերի լիակատար ինքնագլխությունը: Այսինքն` խնդրի հանգուցալուծման ճանապարհին խոշոր դերակատարների (Թուրքիա, Արևմուտք, Ռուսաստան) կողմից պարբերաբար տեղադրվող և պարտադրվող «տեսանելի ու անտեսանելի ականների և զսպաշապիկների» պարագայում նվազում է հիմնական հակամարտող կողմերի դերակատարությունը: Ավելին, հիմնահարցի կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելը չի բխում պասիվ դերակատարների՝ մի կողմից Հայաստանի (ոչ պաշտոնական) և ԼՂՀ-ի, մյուս կողմից` Ադրբեջանի շահերից»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով` սա ավելի խոշոր խաղ է, որը վեր է կանգնած նավթի գների անկման և մանաթի արժեզրկման պատճառաբանություններից:
     «Բանն այն է, որ սիրիական ճակատում ճզմված իսլամիստների ներհոսքը դեպի Եվրոպա կանխելու դիմաց Թուրքիան Եվրամիությունից ակնկալում է 3 միլիարդ եվրոյի օգնություն: Իսկ նման գրավիչ առաջարկի լուծումը Էրդողանը տեսնում է իր սնուցած քրեածին տարրերին Ադրբեջան տեղափոխելու և փոքր եղբոր ձեռքով ռևանշիստական գործողություններ կազմակերպելու մեջ: Սույն քայլով Թուրքիան լուծում է երեք կարևորագույն խնդիր. ա) ԵՄ-ից ստանում է իր համար օդ ու ջրի պես անհրաժեշտ օգնությունը, բ) ձերբազատվում է պարապուրդի մատնված և խաղաղ պայմաններում սեփական երկրին վտանգ սպառնացող ռազմական հանցագործներից, գ) աջակցում է իր դաշնակից Ադրբեջանին: Նույնիսկ անզեն աչքով է երևում, որ Թուրքիայի վերոհիշյալ գործողությունները հակառուսական են և պետք է առաջնահերթ մտահոգեին Ռուսաստանին, քանի որ Կրեմլը ժամանակին հավաստիացնում էր, որ Սիրիայում ծավալած իր ռազմարշավը հետապնդում է իսլամիստներին սեփական որջում ոչնչացնելու և նրանց ծայրահեղական գաղափարախոսության մուտքը տարածաշրջան կանխելու նպատակ: Այնուհանդերձ, վերջինիս պասիվ կեցվածքը հիմք է տալիս ենթադրելու, որ զենքի վաճառքի միջոցով բյուջեի պակասուրդի և ռուբլու անկման խնդիր լուծող մեր «դաշնակիցը» ամենևին շահագրգռված չէ կայունությամբ և ստատուս քվոյով: Ավելին, վերջինիս կեցվածքը հուշում է, որ հակամարտող կողմերի խաղի կանոններն ինքն է թելադրում և ընդանրապես մտահոգված չէ ադրբեջանա-թուրքական դաշինքի և վերջիններիս կողմից «Մեծ Թուրանի» ստեղծման ենթադրյալ փորձերից: Հետևաբար պետք է բացառել լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը` չբացառելով կարճատև ընդհարումների հավանականությունը, որովհետև մեր պատմության արյունոտ էջերը հուշում են, որ Ռուսաստանի դիվանագիտության զինանոցը հարուստ է հայ-թաթարական ընդհարումների (1905-1906թթ., 1988-1994թթ.) փորձերով»,- պարզաբանեց պատմաբանը:

Պատերազմի վերսկսման պարագայում Հայկի կարծիքով` հասարակությունը պատրաստ է, իսկ իշխանությունը՝ ոչ: Նրա խոսքով` այսօր բարոյահոգեբանական տեսանկյունից պատրաստ է հիմնականում չունևոր և միջին խավը, որը կրել և պատրաստ է կրելու ենթադրյալ պատերազմի բոլոր դժվարությունները: «Այսօր ստրկամտության կապանքներից ձերբազատված մեր նոր սերունդը ապավինում է իր բազկին ու խելքին՝ անտեսելով ցանկացած տիպի սպառնալիք ու «դաշնակցի» դավաճանություն: Դա այն սերունդն է, որ, ոստիկանների հետ կռիվ տալով, փորձում է երկրում ձևավորել քաղաքացիական հասարակություն»,- նշեց նա: Հայկը կարծում է, որ անկախության սերունդն այսօր չի տեսնում իր արտացոլանքը գործող իշխանությունների գործողություններում: «Իրենց հերթին իշխանավորները պատերազմի վերսկսման մեջ տեսնում են պաշտոնների և ունեցվածքի կորստի վտանգ: Սրանով պետք է բացատրել ոչ լեգիտիմ և օֆշորասեր իշխանությունների պարտվողական կեցվածքը»:

Հայկ Բալասանյանը գտնում է, որ ընդամենը պետք է ունենանք հայրենագետ և հայրենասեր իշխանություն: «Հավաստիացնում եմ, որ արդյունքները սպասեցնել չեն տա: Դա է փաստում Իսրայելի, Սինգապուրի և այլ հաջողակ պետությունների անցած ճանապարհը: Կփափագեի, որ այսուհետ յուրաքանչյուր հայ առաջնորդվեր «եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» կարգախոսով»,- եզրափակեց պատմաբանը:
    
     Հարցազրույցը` Անի Մնացականյանի

8684 | 1
Facebook