Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միջազգային մամուլի ու հանրության արձագանքը ՀՀ կառավարության կողմից «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծի հավանությանը

15:25, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Միջազգային մամուլի ու հանրության արձագանքը ՀՀ կառավարության կողմից «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծի հավանությանը

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:

Այս տեղեկատվությունը բուռն արձագանք է գտել միջազգային լրատվական կայքերում` հայտնվելով գլխավոր լուրերի բաժնում:

Ռուսական Известия լրատվականն իր «Հայաստանի կառավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը» վերտառությամբ հոդվածում գրել է, որ նախկինների պես այս անգամ ՀՀ կառավորությունը չմերժեց այդ հարցն, այլ տվեց իր դրական եզրակացությունն` ուղարկելով այն խորհրդարանի քննարկմանը: «Նախկինում ՀՀ-ն չէր ճանաչում ԼՂՀ անկախությունը` բացատրելով, որ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին:

Մինչ այս, լրատվականը հանդես էր եկել թեմայի շուրջ մեկ այլ հոդվածով ու նկատել, որ հայերը ոգևորությամբ են ընդունել նման նախաձեռնությունը (Արցախի ճանաչումը. խմբ):

Բրիտանական BBC լրատվականի ռուսական ծառայությունն այս տեղեկատվությունը զետեղել է հրատապ լուրերի բաժնում` «Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը» վերնագրով:

Նույն կերպ է վարվել նաև Звезда լրատվականը:

Ռուսական մեկ այլ լրատվական` РБК-ն, լուսաբանելով այս թեման` մեջբերել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պաշտոնական հայտարարությունը: «Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագիծը Մոսկվայի հետ չի քննարկվել: Մենք ուշիուշով հետևում ենք այդ համատեքստում ընդունվող բոլոր որոշումներին և շարունակում ենք կարծել, որ կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն զինադադարն ու զինված հակամարտության հրահրման պատճառ դառնալ»,- ասել է նա:

4542 | 0
Facebook