Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1880-ի այս օրը ծնվել է հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը

13:15, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
1880-ի այս օրը ծնվել է հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը

«Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ: Աշխատում եմ: Աշխատելու ժամանակ չեմ մտածում: Ինչ որ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս: Մեր լեռները, մեր ձորերը, մեր լույսը, մեր Արարատը»,- ասել է Մարտիրոս Սարյանը:

Հայ մեծանուն նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան:

Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, այնուհետև` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել է Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում:

Հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր:

Ստեղծագործության 1-ին շրջանում (1904-1909թթ.) հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից՝ Սարյանն ստեղծել է յուրահատուկ և արդիական արվեստ, որն անվանվեց «սարյանական»:

Ստեղծագործության 2-րդ շրջանում`1910-ական թվականներին, Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում, Պարսկաստանում: Այդ շրջանի գործերից են` «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն:

Մեծ եղեռնի ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին: Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց:

Նկարչի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների լավագույն թանգարաններում: Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի և ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1955-ից Հալեպում գործում է «Սարյան ակադեմիան», իսկ 1967-ից Երևանում՝ տուն-թանգարանը:

15160 | 0
Facebook