«Նաիրիտ»-ն աստիճանաբար գնում է լիակատար փակման, իսկ պահակներին փոխարինում են անվտանգության ծառայության աշխատակիցներով. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը, որ պետք է զբաղվեր «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորության քննարկմամբ և ներդրող փնտրելու գործով դադարեցրել է իր աշխատանքները։ Այդ մասին երեկ մեզ հայտնեց գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը։ Վերջինս փոխանցեց նաև, որ այդ խումբն իրականում ձևավորվել էր ընդամենը պոտենցիալ ներդրող հանդիսացող ռուսական «Ռոստեխ» ընկերության ուղարկած հարցաթերթիկը լրացնելու համար։ «Խումբը նրա համար է, որ վերագործարկման ծրագիր ներկայացներ ռուսական կողմին։ Այն գրեթե չի գործել, 2 անգամ հանդիպում է եղել, Կառավարության ներկայացուցիչները հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 նաիրիտցիներին ներկայացրել են պատրաստի ծրագիր և այն փոխանցել նախարարին»,- ասաց Շահվերդյանը։ Նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամներից գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այդ խումբն ընդամենը 3-4 հանդիպում անցկացրեց, եզրակացություն կազմեց, որի տակ մենք՝ «Նաիրիտի» աշխատակիցներս, չստորագրեցինք, որովհետև տարաձայնության ունեինք կազմված ծրագրի հարցում։ Այնտեղ վերագործարկման մասին ոչինչ չկար, միայն «Նաիրիտի» պատմությունն էր և վերագործարկման հնարավորության հաստատումը»։ |