Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանը հսկող սեյսմիկ սենսորներ արտադրելու համար ներդրումներ են հարկավոր

15:40, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Սահմանը հսկող սեյսմիկ սենսորներ արտադրելու համար ներդրումներ են հարկավոր
     Մեծ քանակությամբ հայրենական արտադրության սեյսմիկ սենսորներ արտադրելու համար, որոնցով հսկում են սահմանը, ներդրումներ են հարկավոր: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց «ՓԻ ԷՍ ԱՅ» ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը` մանրամասնելով սարքերի նշանակությունը. «Սեյսմիկ դետեկտորները մարդու ակտիվությունն զգում են 300 մետրից հեռու (չոր հողի վրա քայլերը հաշվում ենք մինչև 250 մետր` հատ-հատ, թաց հողի վրա՝ 100 մետրից ոչ պակաս-Վ.Գ.): Տանկի մոտենալը տեխնիկան զգում է 6 կմ-ից, այսինքն` մինչև այն կմոտենա կրակելու համար 4,5 կիլոմետր, դու կարող ես նախօրոք նկատել ու քայլեր ձեռնարկել: Ի տարբերություն գոյություն ունեցող սարքերի, որոնք զգում են միայն մարդու ընդհանուր ակտիվությունն, այն էլ` ոչ ավել, քան 30-50 մետրից: Ու նաև, գրանցված ազդանշանի համապատասխան վերլուծության արդյունքում, կարող են որոշել, թե ինչ օբյեկտ է մոտեցողը: Եթե ներկայում գործող սենսորների դեպքում հարկավոր է տեղադրել 35-60 հատ, ապա այս սենսորներով հուսալի ու անվրեպ լինելու համար 1 կմ-ի վրա բավարար է 6-8 հատը: Աշխատեցնող մարտկոցները հարկավոր չեն փոխել ընդհանրապես»:
     Ինչպես նշում է Վարդան Գևորգյանն, իրենք դեռ 7-8 տարի առաջ են այս մասին տեղյակ պահել Պաշտպանության նախարարությանը, բայց այս տարիների ընթացքում հետաքրքրվածություն չի եղել: «Միշտ իրենց տեղյակ ենք պահել այս արտադրության մասին, համատեղ փորձարկումներ էլ ենք արել: Ասել ենք, որ եթե անհրաժեշտություն լինի սահմանում էլ կիրառել այս սարքերը, պետք է գումար ներդնել, որպեսզի 1-1,5 տարում բերվի ռազմական արտադրության քանակների: ՊՆ-ի հետ այլևս չենք համագործակցում: Մեր ընկերությունը դրսի ընկերությունների հետ համագործակցելով առաջ ենք տանում»:
     Մեր զրուցակիցը նշեց, որ «ՓԻ ԷՍ ԱՅ»-ը համագործակցել է Սինգապուրի հետ: «Այս պահին ամերիկյան և իտալական ընկերությունների հետ համատեղ ծրագրեր ենք անում, փորձում ենք զարգացնել և բերել մեծաքանակ արտադրության»:
     Հարցին, թե ինչ առաջարկներով են դիմել ՊՆ-ին և ինչ գումարների հետ է կապված այդ սարքերի արտադրությունը, Վ. Գևորգյանն ասաց, որ իրենք տարբեր ծրագրեր են ներկայացրել գերատեսչությանը: «Գումարի չափը կախված է նրանից, թե քանի կիլոմետրի վրա որքան պետք է տեղադրվի, ինչ արագությամբ, ինչ քանակությամբ...: Համենայնդեպս, գումարներն այն մասշտաբների են եղել, որ, կարծում եմ, հասանելի են թե´ մեր բանակի, թե´ պետության բյուջեին: Միանշանակ, դրանք շուկայական գնից ավելի էժան են, քան այլ երկրներում: Տեղականի զգայունությունն էլ է բարձր, իսկ օտար արտադրանքինը` 10 անգամ քիչ է: Այս պահին շուկայում չկա սարք, որը մարդու քայլն զգա 200մ-ից»:
     Մասնագետը նշեց, որ մեծաքանակ արտադրության այս պահին պատրաստ չեն, իսկ եղած պատվերներն էլ գիտական նպատակներով են:
     ՊՆ-ի ցանկության դեպքում, որքա՞ն ժամանակ կպահանջվի համապատասխան քանակի սենսոր արտադրելու համար, պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում գործարանը պատրաստ կլինի: Ցանկացած փոքրաքանակ արտադրություն, որը պետք է բերվի մեծաքանակ հոսքագծային արտադրության, այն էլ բարձր տեխնոլոգիական ապրանք արտադրելու, մոտ 1-1,5 տարի պետք է: Այդ ժամանակահատվածում, եթե համապատասխան գումարներ ներդրվեն, պատրաստ կլինենք մեծաքանակ արտադրության»,- եզրափակեց նա:
3952 | 2
Facebook