Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կարևոր ու անկարևոր տարածքներ չկան, լինի մայրաքաղաքում, թե սահմանին». Գագիկ Գինոսյան

16:10, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Կարևոր ու անկարևոր տարածքներ չկան, լինի մայրաքաղաքում, թե սահմանին». Գագիկ Գինոսյան

Պարուսույց, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը մեկնելու է Արցախ` «Կարին» ազգագրական պարի խմբով մասնակցելու Շուշիի ազատագրման միջոցառումներին:

Ինչպես MAMUL.am-ի հետ զրույցում նա նշեց, մտահոգությունները շատ են. «Կարծում եմ` մեզ տրված է ժամանակ մտածելու, լուծում գտնելու: Մի բան պարզ է, որ պատերազմը երբեք չի դադարելու, քանի կա այդ ոհմակապետությունը, որը կարող է ուղղակի քնած մարդու, կամ արդեն դիակի գլուխ կտրել ու հետո նախագահի մակարդակով պարգևատրվել: Եթե ուզում ենք իրենց հարևանությամբ անկախ գոյատևել, պետք է հասկանանք, որ պատերազմը երբեք չի ավարտվելու, և պետք է միշտ պատրաստ լինենք: Ինչքան լայնածավալ պատրաստվածություն ցուցաբերենք, այնքան մեղմ կլինի Ադրբեջանի կողմից ցուցաբերած ագրեսիան»,- նշեց Գագիկ Գինոսյանը: Նրա կարծիքով` հիմա մենք պետք է ոչ միայն ռազմավարական խնդիր լուծենք, այլ նաև հստակ հասկանանք, որ Հայաստանն իր գիտությունն ու ռազմարդյունաբերությունը պետք է զարգացնի:

«Ինչքան այսօր լավ պատրաստվենք, այնքան վաղվա պատերազմը կհետաձգենք: Այս տեսանկյունից օր առաջ սթափվելու և հիմնովին մտորելու ժամանակ ունենք: Ամբողջ աշխարհը հայ գիտնականներ ու մտավորականներ են: Այդ մարդկանց պետք է հրավիրել և այստեղ ստեղծել այն հենքը, որ կարողանանք հստակ զարգացնել տնտեսությունը: Ամեն ինչից առաջ այսօր դրա մասին հոգալու խնդիր կա»: Գագիկ Գինոսյանի համոզմամբ` բոլորս սթափվելու ժամանակ ունենք, քանի դեռ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել. «Բոլոր այն մարդիկ, ովքեր այս տարիներին չէին հասկանում, որ պատերազմը շարունակվում է, թող հասկանան դա և մեկընդմիշտ հրաժարվեն հանգիստ քնելուց: Պետք է հասկանանք մի բանաձև` հայը պարտավոր է սեփական ճակատագրի տերը լինելու: Պետք է կարողանանք հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը, այն, ինչի դասը տվեց այսօրվա սահմանին կանգնած զինվորը»,- նշեց պարուսույցը:

Նրա պնդմամբ` հայը պետք է հասկանա, որ իր փաստաթուղթը նավթը չէ, այլ` ոգին ու գաղափարը: «Երբ դրանք զուգակցվեն, այդ ժամանակ հայը կդառնա անպարտելի: Իսկ ով դրա հետ կապ չունի, պիտի հեռանա»:

Անդրադառնալով տարածքները զիջելու մասին որոշ պաշտոնյաների հայտարարություններին, կամ գոնե դրա մասին ցածրաձայն մտածողներին, Գագիկ Գինոսյանը հիշեց լուսահոգի Սոս Սարգսյանը խոսքերը. «Արցախը ադրբեջանցիների համար տարածք է, մեզ համար` հայրենիք»: Բոլոր այն մարդիկ, ում համար Արցախը հայրենիք չի, շարունակում է մնալ հողակտոր, և անգամ վատ երազում կարող են մտածել տալու մասին, թող հասկանան, որ այդպես մտածում է միայն թուրքը: Հասկանան, որ արյունով վաստակածը թանաքով չեն վերադարձնում»,- ասաց մեր զրույցակիցն, ում կարծիքով` հայրենիքում կարևոր ու անկարևոր տարածքներ չկան, լինի մայրաքաղաքում, թե սահմանի վրա: «Որևէ մեկը չի կարող ապացուցել, որ մայրաքաղաքն ավելի կարևոր է, քան սահմանը: Թող հասկանան, որ այդ տարածքները վերադարձնելով ոտնահարում ենք Արցախի անկախությունը: Եթե հանգիստ քնելու համար պատրաստ ենք մեր հայրենիքը տալ, վաղը խորը քնելու համար մի քիչ ավելի կտանք, երկար քնելու և վայելելու համար կարող է մինչև մայրաքաղաք էլ տանք: Բայց հասկանանք, որ յուրաքանչյուր թիզ հողը զիջելուց կրկնակի, եթե ոչ տասնապատիկ, մենք վտանգում ենք հաջորդ թիզ հողը»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

4355 | 0
Facebook