Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հրանտ Խաչատրյանը` Հայաստանում միջուկային զենք արտադրելու հնարավորության մասին

15:40, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Հրանտ Խաչատրյանը` Հայաստանում միջուկային զենք արտադրելու հնարավորության մասին

Օրեր առաջ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանում միջուկային զենք ստեղծելու մասին: Լրագրողի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանին թույլ տրվի մտածելու այդ մասին, Բագրատյանը պատասխանել է, որ զենքն արդեն ստեղծված է:

Հարկ է նշել, որ այս հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց ադրբեջանցիների մեջ, որոնց կողմից մինչ օրս էլ բազմաթիվ կարծիքներ են հնչում, թե Հայաստանն, իսկապես, կարող է ունենալ այդ զենքը:

Իսկ ավելի հիմնավոր` արդյոք ունա՞կ է Հայաստանն իր գիտական ու արդյունաբերական ներուժով միջուկային զենք արտադրել:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, ով քաղաքականությունից դուրս գալուց հետո զբաղվում է ինժեներությամբ, մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Պատասխանելով վերոնշյալ հարցին` Հ. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում զենք արտադրելու ներուժը և´ նախկինում է եղել, և´ հիմա կա: «Իհարկե, մենք փաստեր ունենք, որ միջուկային էներգիայի ոլորտում շատ կարկառուն ներկայացուցիչներ ենք ունեցել և´ Հայաստանում, և´, հատկապես, Հայաստանից դուրս, և պարտադիր չէ հիմա հայատարարենք, որ մենք ատոմային ռումբ ենք ստեղծում: Բայց այդ մակարդակը պահել և ավելի խորացնել է պետք, ենթադրենք, միջազգային պարտավորությունների շրջանակներում: Մեզ ո՞վ է խանգարելու այդ ոլորտում հաստատուն գործունեություն ծավալել` հաստատուն գիտության մակարդակով»,- ասաց նա` հավելելով, որ ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի ներուժի ներգրավումն արդեն դարձել է հասունացած հարց: «Դա այնքան պարզ բան է. 25 տարվա ընթացքում մասնավոր ընկերություններն իրենց կապերի և միջոցների հաշվին արդեն ունեն պատրաստի կադրեր: Բավականին բարձրորակ կադրեր ունենք, սարքավորումներ, որտեղ ինժեներական, ծրագրավորման խնդիրները պետք է լուծում ստանան, իհարկե, պետք է նաև միջազգային փորձ ունենալ: Եվ այդ ամենը պիտի պետական որոշումներով ներգրավվի երկրի պաշտպանական ոլորտի ծրագրերի կատարման մեջ: Մենք ուղղակի պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ ամբողջ աշխարհում բոլոր պատերազմներից առաջ, պատերազմների ընթացքում և հետո, բարձր տեխնոլոգիաների զարգացման հիմնական պատվիրատուն պետության ռազմաարդյունաբերական համալիրն է, ու եթե մենք այդ համալիրը քառորդ դարից ավելի անջատում ենք բարձր տեխնոլոգիական ոլորտից, դա նշանակում է մենք ոլորտի և երկրի զարգացմանը չենք նպաստում պետականորեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Հ. Խաչատրյանի, եթե մասնավոր ընկերությունները պետք է մասնակցեն երկրի պաշտպանողականությանը, ուրեմն շատ խիստ ընտրություն պետք է լինի, շատ լուրջ մասնագետների խումբ կազմվի, փորձագիտություն անցկացվի, հակառակ դեպքում բյուջեն կփոշիացվի ամբողջությամբ, արդյունքում էլ ոչինչ չենք ստանա:

Փորձառու ինժեների կարծիքով, մենք անկախ երկիր ենք և պարտավոր ենք բոլոր ուղղություներով զարգացում ապրել. «Ցավոք սրտի, հիմա շատ բան ասվում է ուղղակի հիպերպատերազմի մոդելի մեջ: Մենք պիտի ասենք` թո´ղ թուրքերը վախենան, թո´ղ ադրբեջանցիները վախենան, բայց ամեն խոսքի հետում պետք է նաև բովանդակություն լինի»:

Հ. Խաչատրյանի կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի քաղաքական գործիչները պաշտպանեն մոբիլիզացիայի գաղափարը. «Այդ գործիչներից քանի՞սն են պաշտպանում այդ գաղափարը: Թո´ղ վեր կենան դրա մասին խոսեն, թո´ղ իրենց բացասական կարծիքը թեկուզ հայտնեն, (եթե իհարկե այդքան վստահ են իրենց ասածին): Պարզապես, առնետի նման լավ գաղափարը փորձում են տակից կրծելով կամաց-կամաց ոչնչացնել: Սա չի վերաբերվում Բագրատյանին, բայց նա էլ պետք է հիշի, որ ինքն ավելի շատ հնարավորություններ ուներ, երբ վարչապետ էր և ինչպես էր վերաբերվում այդ հարցերին»:

8216 | 1
Facebook