Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ կառավարության` «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» մայիսի 5-ի քննարկումն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում

18:45, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
ՀՀ կառավարության` «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» մայիսի 5-ի քննարկումն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում
     ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին քննարկելու է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
     Ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից քաղաքագետների ու վերլուծաբանների կարծիքներ են ներկայացնում, ովքեր փորձում են իրենց ազգաբնակչությանը համոզել, որ սա ոչ մի բան չի տա Հայաստանին` ավելի բարդացնելով իրավիճակը: «Մինչ այժմ Հայաստանի իշխանությունը ձեռնպահ էր մնում ճանաչումից, քանի որ դա կնշանակեր` բանակցությունների դադարեցում, իսկ Բաքուն երբեք չի բանակցի Ղարաբաղի անկախությունն ընդունած Երևանի հետ»,- նշվում են ադրբեջանական լրատվամիջոցներում: «Ղարաբաղի անկախության ճանաչման դեպքում Հայաստանը կկորցնի միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում` Ռուսաստանի: Ադրբեջանն այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում, և բոլոր երկրները կքվեարկեն Ադրբեջանի օգտին: Հայաստանի այդ քայլն իր հերթին պայմաններ կստեղծի ադրբեջանական զինված ուժերի գործողությունների համար»,- նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Հայերը կարծում են, որ եթե Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը, կճանաչի նաև Ղարաբաղինը: ՌԴ-ն ճանաչել է Աբխազիան ու Օսեթիան` Վրաստանի հետ պատերազմի պատճառով, իսկ ՌԴ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական գործընկերային են: Մոսկվան չի կարող մի քաղաքականություն ունենալ Կոսովոյի հանդեպ, մեկ այլ` Ղարաբաղի»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
8362 | 1
Facebook