Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս պահին տեղին չէ նման թեմա արծարծելը». Կարինե Նալչաջյանը` սերմնաբջիջների բանկ ստեղծելու մասին

18:15, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Այս պահին տեղին չէ նման թեմա արծարծելը». Կարինե Նալչաջյանը` սերմնաբջիջների բանկ ստեղծելու մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հանդես է եկել օրենսդրական ուշագրավ նախաձեռնությամբ, որով առաջարկում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների բանկ ստեղծել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Այս առնչությամբ, պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում: «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր և էական նշանակություն»,- նշված է նախագծում:

Նախագծի վերաբերյալ կարևոր հարցերից մեկն այն է, թե նման օրենք ընդունվելուց հետո ինչպես է դա հնարավոր իրականացնել` ի՞նչ ճանապարհով, ի՞նչ միջոցներով, առհասարակ Հայաստանն ունի՞ համապատասխան ներուժ այս գաղափարը կյանքի կոչելու համար: Սա թերևս այս պահի դրությամբ երկրորդական, երրորդական հարց է: Քաղաքացիներին զայրույթ պատճառող առաջնային հարցը հետևյալն է` ի՞նչ իրավունքով են բանակ զորակոչվող 18-ամյա տղային տրամադրում «նախապատրաստվել» մահվան` հուսադրելով, թե նրա ժառանգականությունն ապահովված է:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ պատգամավորի վերոնշյալ առաջարկն այս պահին քննարկելը հոգեբանական առումով նպատակահարմար չէ. «Մարդիկ, պարզապես, ի վիճակի չեն այս պահին ճիշտ ընկալել այն: Հիմա, կարծում եմ, տեղին չէ այդ մասին խոսելը, այդ թեման արծարծելը, հոգեբանական իմաստով, ճիշտ չէ, որովհետև տագնապի ֆոնը հասկանալի պատճառներով բարձր է այսօր` պատերազմական սահմանային իրավիճակ, զոհեր, երբ ամեն օր, ամեն գիշեր սպասում ենք, թե ի՞նչ տեղեկություն կստանանք, ի՞նչ է լինելու…: Այս պահին, ապրումների այս գերզգայուն վիճակում նման հարց բարձրացնելն ուղղակի չի ընկալվում»,- ասաց հոգեբանը:

Նրա խոսքով, եթե այս խոսակցությունը լիներ մի 10 տարի առաջ, երբ սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ էր, մարդիկ այսքան ցավագին չէին ընդունի դա: «Եթե այս հարցը քննարկվեր ավելի հանգիստ պայմաններում, ոչ այսօրվա, այլ արձագանքներ կլինեին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Կ. Նալչաջյանն ասաց, որ գենոֆոնդի պահպանման համար Իսրայելում ևս նման օրենք կա: «Իրենք էլ գենոֆոնդի պահպանման խնդիր ունեն, իրենք էլ անընդհատ պատերազմական վիճակում են, ինքնապահպանության և ինքնապաշտպանության խնդիրներ լուծող ազգ են: Ըստ էության, եթե մենք նայում ենք հեռագնա, ռազմավարական, էթնոպահպանության տեսակետից, խելամիտ բան է նման նախագիծ առաջ քաշելը»,- եզրափակեց հոգեբանը:

4521 | 0
Facebook