Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գնորդների թուքումուրի շրջանն սկսվեց». ծխախոտը թանկացել է

15:45, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Գնորդների թուքումուրի շրջանն սկսվեց». ծխախոտը թանկացել է
     Մայիսի 1-ից ուժի մեջ են մտել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները: Համաձայն դրա` պետք է բարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկի գինը: Ակցիզային հարկ է սահմանվում նաև վառելիք օգտագործվող սեղմած գազի համար:
     MAMUL.am-ի թղթակիցն այսօր շրջել է մի շարք խանութներում` պարզելու համար, թե ծխախոտի գինը որքանո՞վ է թանկացել: Շենգավիթ վարչական շրջանի «Ավիկ» մարկետի աշխատակիցը տեղեկացրեց, որ իրենք պայմանագիրն արդեն նոր գներով են կնքել: «Մենք այսօր արդեն նոր գնով պետք է ստանանք «Գառնի» տեսակի ծխախոտը, այն 280 դրամով էինք վաճառում, հիմա պետք է վաճառենք 300 դրամով: «Մոնտեկառլոն» ևս արդեն թանկացել է «West» տեսակը 320 էր, հիմա արդեն 340 դրամ է»: «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում ծխախոտը դեռ չի թանկացել. «Մեզ տեղեկացրել են, որ մայիսի 1-ից թանկանալու է, բայց դեռ նոր ապրանք չենք ստացել: Կարևորը հացը չթանկացնեն»: Խանութում մեզ տեղեկացրին, որ նախկին գների համեմատ թանկացումը կազմելու է 20-ից 30 դրամ: Խանութի վաճառողներից մեկն էլ ասաց. «Նորից վատ շրջանը սկսվեց, երբ գնորդները թուքումուր են մեզ տալու: Գիտե՞ս աղջիկ ջան, ինչն է վատը, որ մարդիկ կան, որոնց տասը դրամը նույնիսկ հաշված է և նրանց եկամուտում մեծ ճեղքվածք կլինի ու իրենց մուռը մեզնից կհանեն»: Զրուցեցինք նաև քաղաքացիների հետ, նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ թանկացում է սպասվում: 60-ամյա Սամվել Մովսիսյանն ասաց. «Այդպես էլ պետք է լիներ, գազի գնի էժանացման մասին են հայտարարություններ անում, մի բանն էժանացնում են, մի բանն էլ թանկացնում, էնպես որ մեր կյանքում որևէ բան դեպի լավը չի փոխվում»: 41 համարի երթուղայինի վարորդն էլ անդրադառնալով ավտոգազի հնարավոր թանկացմանն ասաց. «Գազի վրա ակցիզ կիրառելու դեպքում մենք չենք կարող խուսափել տրանսպորտի թանկացումից։ Ուզած-չուզած` արդեն կթանկացնենք»:
8144 | 1
Facebook