Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Թալիշում ընկերոջ կյանքը փրկած Սարգիս Գասպարյանը մահացել է. քրոջ նամակը` Սեյրան Օհանյանին

11:45, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Թալիշում ընկերոջ կյանքը փրկած Սարգիս Գասպարյանը մահացել է. քրոջ նամակը` Սեյրան Օհանյանին
     Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում: «Վնասվել էին տղայի բոլոր ներքին օրգանները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր այս օրերին, և որքան էլ փորձեցինք փրկել կյանքը, ցավոք, մեզ չհաջողվեց»,- ասացին հոսպիտալից:
     Սարգիսը Շուշի քաղաքից էր, վիրավորվել էր ապրիլի 30-ին: Թալիշում, նրա մարտակից ընկերները պատմել են, որ Սարգիսը տեսել է՝ ինչպես ընկերներից Վազգեն Հարությունյանն ընկել և 200 մետր կրակի տակ առաջ է գնացել՝ ընկերոջը դիրքեր բերելու համար: Ցավոք, այդ պահին ինքն էլ ծանր վիրավորվել է:
     Սարգսի բարեկամներից Աշոտը ֆեյսբուքյան իր էջում Սարգսի քրոջ` Ինգայի անունից Պաշտպանության նախարարին ուղղված նամակ է հրապարակել.
     «Մեծարգո նախարար, Ձեզ է դիմում Թալիշում ծանր վիրավորում ստացած, 20-ամյա վաղամեռիկ Սարգիս Արթուրի Գասպարյանի քույրը՝ Ինգա Շիբիլիա Գասպարյանը: Չգիտեմ` սա դիմում է, թե խնդրանք, կամ միգուցե ուղղակի զրույց իմ անմեղ, քաջ ու առյուծասիրտ, իմ ընկերասեր, ընկերոջ համար կյանքը տված եղբորս մասին: Կարծում եմ՝ անիմաստ է նշել, թե ինչ ցավ, տառապանք ու վիշտ պատճառեց իմ ընտանիքին, գերդաստանին, բոլոր նրանց ովքեր իրեն ճանաչում էին, և ինչու չէ, նաև Ձեզ ու ողջ հայ ազգին, մեծասիրտ եղբորս մահը: Մեծ դժվարությամբ եմ գրում այս նամակը, քանզի ամեն մի տառ գրելիս արցունքները գլորվում են աչքերիցս: Բայց պե՛տք է գրեմ: Պետք է իմանաք նրա հերոսության մասին: Սարգիսն ավարտել էր ժամկետային ծառայությունը սույն թվականի փետրվարի 5-ին, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին վերադարձել էր դիրքեր՝ թշնամուց պաշտպանելու իր հայրենի հողը և արդեն 20 օր գտնվում էր դիրքերում։ Ցավոք, ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երեկոյան ժամին թշնամին նորից կրակ սկսեց: Եղբայրս՝ տեսնելով թե ինչպես իրենից ոչ հեռու ընկերը՝ Վազգեն Հենրիկի Հարությունյանն ընկավ, առանց վարանելու նետվեց ընկերոջն օգնության: Ցավոք, Վազգենը մահացու վիրավորում էր ստացել, և փրկելն արդեն անհնար էր: Հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորեց նրան՝ սկզբից վիրավորվեց ոտքի մասում, այնուհետև՝ որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի, սրտից վնասվել էին: Ինչպես պատմում է նրան փրկած Սասունը, Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել, նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենո՞ւմ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում»: Բայց Սասունը հասկանում էր ինչու է Սարգիսը փորի մասում տաքություն զգում: Սարգիս Գասպարյանը վիրավորվեց երեկոյան 10:20-ի սահմաններում, իսկ հիվանդանող հասավ 00:40-ին, որտեղ էլ բժիշկները շտապ վիրահատեցին: Մարտակերտում նրան վիրահատելուց հետո միայն, երբ վիճակը մի փոքր կայունացավ, նրան տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց։ Նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր, բայց համարյա 36 ժամ դիմացավ վերակենդանացման բաժնում, ինչից հետո վիճակը կտրուկ վատացավ: Բժիշկներն էլ չհասկացան` ինչումն է խնդիրը, բայց շուտափույթ կերպով տարան վիրահատելու: Ցավոք, այս ամենն ապարդյուն էր: Սարգիս Գասպարյանը մահացավ մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը:
     Մեծարգո նախարար, միակ խնդրանքս այն է, որ ներկա լինեք հողին հանձնելու արարողությանը, ու հերոսի շքանշան պարգևվեք, որովհետև նա է մեր իրական հերոսը: Ու մեկ էլ ծնողներիս օգնեք աշխատանքի որոնման գործընթացում, քանզի հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընդհամենը 24.000 դրամ, որով պետք է և՛ ընտանիք պահի, և՛ վարկը փակի: Հուսով եմ` խոսքս Ձեզ կհասնի, և Դուք անտարբեր չեք անցնի մեր հերոսի կողքով»:
23823 | 0
Facebook