Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վախճանվել է մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանը

22:10, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Վախճանվել է մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանը
     ՀՀ պետական ֆիլհարմոնիան խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 1-ին, 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է պետֆիլհարմոնիայի փոխտնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբանների համահայկական միության նախագահ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Ժակ Նիկոլի Հակոբյանը:
    
     Ժակ Հակոբյանը 1971-1977թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտիկական կազմակերպության առաջին քարտուղար:
     1987թ. ընդգրկվել է Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ:
     2004թ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005թ. հունիսին նույն ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն:
     2007թ. աշխատել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ում՝ որպես տնօրեն:
     2010 թ. նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն:
     Հանդիսանում էր Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահ:
     Արվեստի և գրականության սիրահար Ժակ Հակոբյանը երբեմն իր խոհերը հանձնել է թղթին` ոտանավորների և երգիծանքի տեսքով: Հրատարակել է 5 երգիծական գիրք` «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով»:
     2009թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով:
     2010թ. ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը:
     Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող Ալբերտ Փարսադանյանը Ժակ Հակոբյանի մասին մի առթիվ ասել էր. «Դեմքին մշտական ծիծաղ, աչքերին ժպիտ, մարդամոտ և մարդասեր` Ժակ Հակոբյան, իսկ հանրապետության և ողջ հայության «Գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանն ավելացրել էր. «Աշխույժ, արագաշարժ, արագամիտ, հնարամիտ, կամեցող և ջերմ»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը` 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 4-ին, ժամը` 14.00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Հասցե` Աբովյան 2):
    
Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

3725 | 0
Facebook