Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գուլոյանը եկել էր մեզ վախեցնելու, բայց բան չստացվեց». գառնեցիներ

17:55, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Գուլոյանը եկել էր մեզ վախեցնելու, բայց բան չստացվեց». գառնեցիներ

«Մենք որևէ մեկից չենք վախենում, եթե եկել, մեզ` գառնեցիներիս ուզում են վախեցրած լինել ու իրենց ոռոգման համակարգը կառուցել, ապա չարաչար սխալվում են»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գառնի գյուղի բնակիչներից Կարենը` տեղեկացնելով, որ օրեր առաջ Գառնի է այցելել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Գյուղացու խոսքով, մարզպետը մի նպատակ է ունեցել` համոզել գյուղացիներին, որ այլևս բողոքի ակցիաներ չանեն և չխոչընդոտեն Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Գառնի-Գեղարդ գլխավոր ճանապարհը։ Նրանք պահանջում էին դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի աշխատանքները: Վերջինների պահանջը բավարարվել էր և շինտեխնիկան ամբողջությամբ դուրս է բերվել Ազատի կիրճից: «Մենք այդպես էլ գիտեինք, որ այդ համաձայնության տակ ինչ-որ բան կար թաքնված: Փաստորեն, ուզում են գյուղում վախի մթնոլորտ ստեղծել, որ գյուղացիներս չբողոքենք, որ հանգիստ իրենց գործն անեն, բայց այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց գյուղացին: Նա տեղեկացրեց, որ այցի ընթացքում Գուլոյանը գյուղացիներին համոզում էր, որ ոռոգման ջուր անպայման ունենալու են: «Մեզ ասում է, որ ոռոգման ջրի հետ կապված խնիրներ չենք ունենա, բայց մենք վստահ ենք, որ այդպես չի լինելու: Եթե մենք հիմա համաձայնենք, վստահ եմ, մի կաթիլ ջուր անգամ չենք ունենա, առանց այն էլ հիմա գյուղում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան: Եթե էդքան մեր մասին մտածում են, թող հիմա այնպես անեն, որ ջրի հետ կապված խնդիրները լուծվեն»: Գյուղացին տեղեկացրեց, որ Ազատի կիրճում շինարարական աշխատանքները դեռ դադարեցված են: «Բողոքի վերջին ակցիայի ժամանակ շինարարական տեխնիկան հանել են, մինչ օրս որևէ բան չեն արել, դե Գուլոյանն էլ եկել էր մեզ վախեցնելու, բայց բան չստացվեց»,- ասաց գյուղացին:

4456 | 0
Facebook