Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նույնն է, որ կռվենք թրերով ու վահաններով». Ռուդոլֆ Խառատյանի գնահատմամբ` բեմում 60-ականների մտքեր են

18:50, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Նույնն է, որ կռվենք թրերով ու վահաններով». Ռուդոլֆ Խառատյանի գնահատմամբ` բեմում 60-ականների մտքեր են

Այսօր` պարի միջազգային օրը, ոլորտի խնդիրների ու բացթողումների մասին MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ, ում կարծիքով` խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե որտեղ ենք ուզում տեսնել Հայաստանի դերն աշխարհում, և պարարվեստն ինչով կարող է աջակցել այս հարցին: Ռուդոլֆ Խառատյանի բնորոշմամբ` բալետային արվեստը համամարդկային լեզու ունի:

«Խնդիրն այն է, որ այսօր մեր պարարվեստը նպատակներ չունի: Նախկինում, երբ ես էի թատրոնում, Օպերայի և բալետի թատրոնը շատ հարուստ խաղացանկ ուներ, բազում բեմադրություններ արվեցին, ներգրավվեցին արտասահմանցի ժամանակակից խորեոգրաֆներ, բալետային արվեստը գնում էր դեպի համամարդկային արժեքների»,- նշեց բալետմայստերը:

«Այդ ամենը կորեց ֆավորիտիզմի պատճառով, ինձ ստիպեցին, որ ես դուրս գամ, իմ բերած ռեպերտուարն, այն ինչ 4 տարում կարողացել էի անել, մեկ օրում ջնջվեց: Արդեն 2 տարի է` Օպերայի և բալետի թատրոնի ռեպերտուարից բացակայում է 34 վերնագիր, մնացել է 4-5 բալետ: Այն ժամանակ բալետի համար հանդիսատեսը գալիս և աստիճանների վրա էր նստում, հետաքրքրությունը մեծացել էր, իսկ այսօր ներկայացումները կիսադատարկ դահլիճներում են անցնում, ինչքա՞ն կարող է հանդիսատեսը նայել նույն ներկայացումը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ռուդոլֆ Խառատյանի խոսքով` պետությունը շատ ներդրումներ արեց, կոստյումներ կարվեցին, որ այդ ներկայացումները բեմադրվեին: «Այսօր այդ ամբողջ ռեպերտուարը գնաց, կորավ, քանի որ այստեղ ամեն ինչ անձնավորվում է: Այսօր մշակույթի նախարարն է որոշում, թե ինչը լինի, ինչը չլինի, ով լինի, ով` ոչ: Դա շատ վատ է, այսինքն` մենք չենք կարողանում ունենալ պլան մեկ կամ մի քանի տարվա, և հետևենք, թե ուր ենք գնում»,- մտահոգություն հայտնեց պարուսույցը:

«Մշակույթի նախարարը փոխանակ պտիչկա- գալչկաներ դնելու, թող իր էներգիան այլ բաների վրա ծախսի: Ինքը, օրինակ, շատ լավ կարողացավ ստորագրահավաք կազմակերպել իմ դեմ, դրա փոխարեն թող կազմակերպեր, որ թատրոնն աշխատացնենք: Սխալ քաղաքականություն է վարում: Այն, ինչ այսօր կատարվում է մեր բեմի վրա, դա 60-ականների հնացած մտքեր են, այսօրվա ժամանակակից շունչը չկա: Այսօրվա մարդը չի գնում «Զապառոժեց» կամ հին արտադրանքի «Մերսեդես», ժողովուրդը հստակ գիտի, որ այսօրվա տեխնոլոգիա է ուզում, այսօրվա ռիթմ ու տեմպ է ուզում:

Դասականի մեջ էլ է այդ բոլոր փոփոխությունները կատարվում, մենք այսօր չենք կարող հին դանդաղության մեջ աճենք»,- վստահ է մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ` այսօր ամբողջ աշխարհն այնպիսի ընթացքի մեջ է, որ տիեզերք է թռչում, իսկ մենք մնացել ենք հին զենքերով: «Նույնն է, որ թրերով ու վահաններով կռվենք»,- ամփոփեց Ռուդոլֆ Խառատյանն ու խորհուրդ տվեց, որ Մշակույթի նախարարն իր էներգիան վատնի ավելի կառուցողական քայլերում:

3432 | 0
Facebook