Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն իր երազանքն իրագործելու շեմին է. Bloomberg

15:50, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Պուտինն իր երազանքն իրագործելու շեմին է. Bloomberg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգնել է տասնամյակի իր երազանքն իրականացելու շեմին, այն է՝ ստեղծել առևտրային անկախ հարթակ, սեփական նավթային հենանիշ և առևտրի իրականացում ռուսական ռուբլով: Այս մասին գրում է Bloomberg-ը:
     Պուտինը «Ռոսնեֆթ» պետական ընկերության նախագահ ընկերոջ՝ Իգոր Սեչինի հետ ձգտում է միջազգային առևտրականներին գրավել դեպի ռուսական առևտրային հարթակ՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային առևտրահումքային բորսա (СПбМТСБ կամ Spimex):
     Պուտինի ու Սեչինի նպատակն է՝ բարձրացնել ռուսական Urals նավթի հենանիշն՝ աշխարհում առավել հայտնի Brent նավթի հենանիշից կախվածության նվազեցման և 2 ապրանքանիշերի նավթերի գնային տարբերության նվազեցման հաշվին: Spimex-ի մեկ այլ նպատակն էլ նավթի՝ դոլարով իրականացվող առևտրի նվազեցումն է և անցումը ռուսական ռուբլուն:
     Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը դժգոհ է Brent-ի նկատմամբ Urals-ի գնի զեղչման չափից: Զեղչային դրույթների տարբերությունը որոշում է Platts գործակալությունը: Ռուսական կողմը հույս ունի, որ սեփական առևտրային հարթակ ստեղծելը կօգնի ազատվել նման պայմաններից, իսկ ռուսական ընկերություններին հնարավորություն կտա ավելացնել սեփական եկամուտները նավթի վաճառքից:

Այս կապակցությամբ, սակայն, Bloomberg-ի հետ զրուցած վերլուծաբանները չեն կիսում ռուսական կողմի լավատեսությունը:
     «Իրականությունն այն է, որ ռուսական իշխանությունները մշտապես ակտիվորեն ներգրավված են նավթային արդյունաբերությունում, ինչը խաղացողների համար հավելյալ դժվարություններ առաջացնելու վտանգ ունի: Պետությունը կարող է ազդել գնագոյացման վրա՝ նավթի գները վեր բարձրացնելով, և այդ կերպ խաթարելով շուկայական սկզբունքները»,- ասել է KBC Energy Economics նավթային վերլուծաբան Էխսան Ուլ-Հակը: Նա նաև նշել է, որ մեծ ռիսկեր է պարունակում նաև ռուսական արժույթի անկայունությունն, այնինչ առևտուրը նախատեսվում է իրականացնել հենց դրանով:
     Արտասահմանցի առևտրականներին շահագրգռելու համար Բանկ Ռոսիին պատրաստվում է օրենսդրական հիմք ստեղծել, որը արտասահմանյան ընկերություններին մուտք կապահովի դեպի առևտրային բորսա:
    
     Bloomberg-ը նաև հիշեցնում է, որ Ռուսաստանը բնավ էլ առաջին երկիրը չէ, որ ձգտում է կրճատել նավթային շուկայի կախվածությունը դոլարից, ինչպես նաև ավելացնել սեփական հենանիշի արժեքը: Օրինակ, Չինաստանն այդ նպատակին հասնելու համար ծախսել է 2 տասնամյակ և միայն այս տարի է մտադիր ներկայացնել սեփական հենանիշը: Իսկ Իրանի և Վենեսուելայի նման երկրները բազմիցս են կոչ արել նվազեցնել նավթային առևտրի կախվածությունը ԱՄՆ դոլարից, որը նախկինի պես համարվում է նավթային գործարքների հիմնական արժույթը:

24125 | 0
Facebook