Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Չորրորդ իշխանություն». Ծառայելը «զապադլո» է. օլիգարխների տղաներն ու Հուլիոս Կեսարի օրինակը

10:10, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Չորրորդ իշխանություն». Ծառայելը «զապադլո» է. օլիգարխների տղաներն ու Հուլիոս Կեսարի օրինակը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս օրերին շատ է քննարկվում բանակում բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ծառայության հարցը: Ավելի ճիշտ՝ չծառայության, քանի որ խոտի դեզի մեջ ասեղը ավելի հեշտ կգտնվի, քան «Եղնիկներում» բարձրաստիճան պաշտոնյայի զավակ:

ՀՀ ՊՆ նախարարն ընդունեց, որ այս հարցում պրոբլեմ կա, որ միայն սոցիալապես անապահով խավի երեխաներն են մեր սահմաններում ծառայում, այդ ամենը պայմանավորեց ինչ-որ վերացական բուհերով, դիպլոմներով, գիտական աստիճաններով:

Հասկանալի է, որ օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ավելի շուտ կմեռնեն, քան թե թույլ կտան, որ իրենց զավակները ծառայեն, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանի վտանգավոր գոտիներում: Բացի նրանից, որ դա կյանքի համար վտանգավոր է, այլ նաև այս խավի մեջ դա «զապադլո» է համարվում: Այսինքն, եթե շատ բարձրաստիճան որևէ դեմքի տղան բանակում ծառայում է, դա նշանակում է, որ այդ դեմքը այնքան էլ ազդեցիկ չէ, «հարիֆի» մեկն է, թափը չի հերիքել, որ տղայի հարցերը լուծի:

Ժամանակին Հուլիոս Կեսարը ճակատամարտերում հաղթելու համար մի հետաքրքիր քայլի էր դիմում։ Իր զինվորներին կարգադրում էր, որ նրանք իրենց վահանները, պաշտպանիչ զրահները, սրերը զարդարեն թանկարժեք քարերով, ոսկեզօծեն։ Շատ հաճախ զինվորների ունեցվածքը հենց իրենց զենքերն էին, քանի որ աշխատավարձերը դրանց վրա էին ծախսում։ Արդյունքում ճակատամարտերի ժամանակ հռոմեացի զինվորները կրկնակի, եռակի մոլեռանդությամբ էին կռվում, մինչև վերջ, քանի որ բացի հայրենիքից, իրենց ունեցվածքի համար էլ էին պայքարում, որ թշնամուն չանցնի։ Կեսարը այդպես բազմաթիվ անհուսալի ճակատամարտեր է հաղթել։

Առակս ինչ կցուցանե. մեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակներին պետք է ուղարկել միայն սահման՝ իրենց ջիպերով, ունեցվածքով, որ նրանց պապաները իրենց զավակների անվտանգությունն ու նրանց ունեցվածքը պահպանելու համար լիքը ծախս անեին, հնարավոր բոլոր զենքերով, կառույցներով ամրապնդեին սահմանը, գիշերային տեսանելիության սարքերով, տեսախցիներով, ինֆրակարմիր ու ջերմային տեսախցիկներով, մի խոսքով, այնպիսի սահման սարքեին, որ մենք հակառակորդից ավելի շատ իմանայինք, որ նրանք մոտենում են մեր դիրքերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

8429 | 3
Facebook