Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Թումո»-ի՝ աշխարհի լավագույն ինովացիոն դպրոց ճանաչվելը արտասահմանյան լավագույն մասնագետներին Հայաստան բերելու հնարավորություն կտա». Զառա Բուդաղյան

19:23, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
««Թումո»-ի՝ աշխարհի լավագույն ինովացիոն դպրոց ճանաչվելը արտասահմանյան լավագույն մասնագետներին Հայաստան բերելու հնարավորություն կտա». Զառա Բուդաղյան
     «Թումո» ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի լավագույն 10 ինովացիոն դպրոցների վարկանիշում: Վարկանիշը կազմել է ֆրանսիական We Demain ամսագիրը: «Թումո»-ն առաջ է անցնել այնպիսի հայտնի դպրոցներից, ինչպիսիք են Fuji Kindergarten-ը և Steve Jobs School-ը:
     «Թումո» կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ զրույցում MAMUL.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչ չափանիշների հիման վրա է կենտրոնն ստացել այդ վարկանիշը:
     «Սա պաշտոնական ինչ որ վարկանիշ, պաշտոնական մի մեծ հետազոտության արդյունք չէ: Սա ավելի շուտ մեծ հոդված է ֆրանսիական ամսագրի էջերին: Հաշվի են առել առաջին հերթին կրթական ծրագիրը, ինովացիոն մոտեցումն ուսմանը, կրթությանը, բնականաբար նաև՝ հաստատության ընդհանուր ոճը, տարիքային խմբին կրթական նյութեր տրամադրելու միջոցները: Տվյալ ամսագրի լրագրողը եղել է Երևանում, այցելել «Թումո» և հարցազրույց ունեցել նաև մեր տնօրենի հետ:
     Մենք պատկերացրել էինք, թե պետք է լինի հոդված «Թումո»-ի մասին, ոչ թե վարկանիշային ինչ-որ բան»:
     Թե ինչ կտա դա տեղեկատվական կենտրոնին, Զառա Բուդաղյանն ասաց. «Ցանկացած դեպքում արտասահմանյան լրատվամիջոցների անդրադարձը մեզ համար դրական ազդեցություն ունի, միշտ բաց ենք համագործակցելու ինչպես հայաստանյան, այնպես էլ դրսի լրատվամիջոցների հետ: Միշտ ուզում ենք, որ մարդիկ իմանան «Թումո»-ի մասին, միշտ ունենք մարդկանց տալու և պատմելու բան: Ինչ վերաբերում է արտասահմանյան լրատվամիջոցներին, կրկին շատ կարևոր է, որովհետև առաջին հերթին «Թումո»-ի գլխավոր նպատակներից է արտասահմանյան լավագույն մասնագետներին բերել Հայաստան՝ հայ պատանիներին իրենց փորձն ուսուցանելու համար: Նպատակներից է նաև ուսանողներին տալ լավագույնն աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
11382 | 0
Facebook