Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենամեծ վտանգն այն կլինի, երբ հասարակությունը պասիվություն ցուցաբերի և միայն կառավարությանը կամ մեկ նախարարին վերապահի բարեփոխումները». Աշոտ Բլեյան

15:16, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
«Ամենամեծ վտանգն այն կլինի, երբ հասարակությունը պասիվություն ցուցաբերի և միայն կառավարությանը կամ մեկ նախարարին վերապահի բարեփոխումները». Աշոտ Բլեյան

«Ես Ձեզ հետ համաձայն եմ, սակայն միայն անձով պետք չէ պայմանավորել բարեփոխումները, թեպետ անձի դերը ևս չպետք է թերագնահատել»,- ի պատասխան MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե ԿԳ նոր նախարարից ինչպիսի՞ ակնկալիքներ ունի, և արդյոք այն կարծիքի՞ն չէ, որ ոլորտում բարեփոխումներն անձով չեն պայմանվորված, այլ, մեծամասամբ, իշխող համակարգով, ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` հավելելով, որ կառավարության անդամը, որը չորրորդ անգամ է դառնում ԿԳ նախարար, ուրեմն, անշուշտ, գիտի իր անելիքը. «Ենթադրում եմ, որ ճանաչում է ինքն իրեն, ճանաչում է համակարգը և հենց այնպես պիտի որ չգա: Ես այս կարծիքին եմ և ուզում եմ, որ այդպես լինի»:

Ըստ Բլեյանի, կա նաև մեկ ուրիշ հանգամանք. «Փոփոխություններն, իրոք, հասունացած են և դրանք ոչ միայն կրթությանն են վերաբերում, որովհետև առանձին վերցրած մի ոլորտում փոփոխություններ ակնկալել հնարավոր չէ, այլև` ամբողջ հասարակական-տնտեսական կյանքը պետք է փոխվի, այդ թվում նաև քաղաքական: Այդ փոփոխությունները միաժամանակ և միանգամից պետք է լինեն, յուրաքանչյուրն իր ներուժի չափով, քանի որ դրանք արդեն հասունացած են: Այդ փոփոխությունների անհրաժեշտությունը երևի կստեղծի համերաշխության, համագործակցության դրական մթնոլորտ, որն, իմ կարծիքով, Հայաստանում կա: Հասարակությունն էլ իր ակտիվությամբ պետք է ներգրավվի այդ փոփոխություններին»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Ա. Բլեյանի խոսքով, ամենամեծ վտանգն այն կլինի, երբ հասարակությունը փորձի միայն կառավարությանը կամ մեկ նախարարին վերապահել այդ փոփոխությունները: «40 հազարանոց ուսուցչական բանակ կա, եթե 1000-1400-ից ավելի դպրոցներ նստեն, սպասեն, թե Լևոն Մկրտչյանն ինչ է անում, դրանով ինչ-որ բան կփոխվի՞: Եթե նախարարի նշանակումը կամ փոփոխումը կարող է ակտիվացնել հասարակությանը, իհարկե լավ է, բայց պետք է ներքևից գան` ով` ինչ խնդիրներ ունի, ինչ լուծումներ կարելի է գտնել և այլն»,- կարծիք հայտնեց նա:

16049 | 0
Facebook