Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Լևոն Շիրինյանի դիտարկումները` Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակության վերաբերյալ

13:41, ուրբաթ, 25 մարտի, 2016 թ.
Լևոն Շիրինյանի դիտարկումները` Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակության վերաբերյալ

Նախորդ տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվեց, պետական մակարդակով բազմաթիվ միջոցառումներ եղան: Շուտով կլրանա 101-րդ տարելիցը, մինչդեռ, այս տարի, այդ թեմայի շրջանակում ոչինչ չի արվում: Տպավորություն է, որ ինչ լինելու էր` եղավ, ավարտվեց և նույնսիկ մարեց խնդրի շուրջ հետաքրքությունը:

Ինչպիսի՞ն պետք է լինի Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակությունը: Ի՞նչ քայլեր պետք է իրականացնեն պատկան մարմիները` պատմությունը վառ պահելու համար: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն, այս թեմայի շրջանակում զրուցելով MAMUL.am-ի թղթակցի հետ, կարծիք հայտնեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հաջողության հասնելու համար, յուրաքանչյուր ոք, նախևառաջ, պետք է իր մեջ հստակ ձևակերպի «ազգային գաղափար» հասկացությունը: «Պատմական փորձը ցույց տվեց, որ այդ ճանաչումները, բացի զգացմունքից և ցավակցություններից, Հայաստանին և հայ ժողովրդին ոչինչ չտվեցին: 100-ամյակը նշեցինք, աշխարհը մեզ հետ լավ լացեց, սերունդները մեզ հետ ողբացին…Սա առաջին 100-ամյակն էր, որն անցավ: Երկրորդ 100-ամյակը, Ցեղասպանության արդյունքի կարևորագույն բաղադրիչն ու առանցքը, Հայաստանի պետականության ուժեղացումն է»,- ասաց նա:

Հարցին, թե որն է քաղաքագետի մատնանշած «ազգային գաղափար ձևակերպելու» տեսլականը և ինչպիսի խնդիրներ կան դրա հետ կապված, ասաց. «Երկրորդ 100-ամյակի համար մեր խնդիրը հետևյալն է` պետականության վերակերտում և մեր պատմական արժեքի և սեփականության իրավունքների վերատիրացում, որի փաստաթուղթը ստորագրվել է 1920թ, նոյեմբերի 22-ին»:

Լևոն Շիրինայնը` խոսելով պետականության հզորացման մասին, Հայաստանը վերակերտելու կոչ արեց ողջ հայությանը. «Եկեք Հայաստանը վերակերտենք այնպիսի եռանդով, ջանքերով և այնպիսի ծախսերով, ինչպես 100-ամյակը նշեցիք: Խոսում ենք միայն զոհերի մասին, բա հայրենիքի կորո՞ւստը: Մենք ունենք Ցեղասպանության զոհերի հուշարձան, սակայն պետք է ունենանք նաև հայրենիքի կորսված տարածքներին նվիրված հուշարձան: Դա կլինի լավագույն հուշարձանը, իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացն էլ պետք է տանենք սրա շահերից բխող հունով»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով` «ազգային գաղափարը» մտածողության մեջ այն տարրն է, որով «վարակվելու» դեպքում, այլևս որևէ մեկին կանգնեցնել չի լինի. «Եկե´ք վարակվենք այդ գաղափարով և ամբողջ ռեսուրսը` մտավոր, նյութական, քաղաքական, մշակույթային-քաղաքական, ուղղենք Հայաստանի պետականության վերականգնմանը, բանակի վերակազմությանն ու վերազինմանը»,- հորդորեց նա` հավելելով, որ այս դեպքում, արդեն, Ամերիկան առաջինը պատրաստակամություն կհայտնի ճանաչելու Ցեղասպանությունը:

8300 | 0
Facebook