Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խայտառակ սկանդալ Երևանում. 27 համարի «Գազել»-ի վարորդն ընկերոջը նստեցրել է իր նստատեղին ու շարունակել երթևեկությունը

18:18, երկուշաբթի, 21 մարտի, 2016 թ.
Խայտառակ սկանդալ Երևանում. 27 համարի «Գազել»-ի վարորդն ընկերոջը նստեցրել է իր նստատեղին ու շարունակել երթևեկությունը

Րոպեներ առաջ խայտառակ ու բանականության սահմաններից դուրս երևույթ է արձանագրել MAMUL.am-ի թղթակիցը: 27 համարի դեղին գույնի միկրոավտոբուսի վարորդն, ում անունը մեր թղթակցի հավաստի տեղեկություններով Արտակ է, իսկ մականունը՝ «Ճանճ», ընկերոջը նստեցրել է իր կողքին՝ վարորդի նստատեղին, դուռը մի կերպ փակել ու շարունակել երթևեկությունը: Դեպքը տեղի է ունեցել Մարգարյան փողոցի առաջին կանգառում: Վարորդի ընկերը մինչ այդ եղել է «Գազել»-ի սրահում, իսկ երբ իջել է՝ իջնողներին ճանապարհ տալու համար, այնքան մարդ է բարձրացել, որ իրեն այլևս տեղ չի մնացել: Այդ պահին տրանսպորտի մեջ եղել է մոտ 25-30 մարդ՝ սարսափելի խցկված վիճակում:

Տեսնելով, որ ինքը չի կարողանում բարձրանալ սրահ, վարորդի ընկերը բացել է վարորդի դուռն ու բողոքել. «Ա՜ լավ էլի, Արտաʹկ, ինադու ես անում, գալիս եմ կողդ նստեմ»: «Արիʹ» հրավիրել է Արտակն ու տեղ տվել: Վարորդի նստատեղը հազիվ է տեղավորել 2 հաղթանդամ տղամարդկանց, անգամ ղեկի տակից ինչ-որ բան է պոկվել ու ընկել գետնին:

Մեր թղթակիցը փորձել է կարգի հրավիրել վարորդին, սակայն հանդիպել է նրա ու նրա ընկերոջ սանձարձակ, հղփացած ու լկտի վերաբերմունքին. «Արա տո քեզ ինչ է, ես ոնց եմ քշում, դու տեղդ վեր ընգի, քեզ հասնում ա տեղ հասնելը, ձենդ կտրի մինչև կհասնես»:

Նրանց չի կանգնեցրել անգամ այն հանգամանքը, որ իրենց նկարում են և որ նկարողը ներկայացել է որպես լրագրող. «Արա տո նկարում ես նկարի, մենակ ընենց նկարի քաչալս չէրևա»,- հոխորտացել են նրանք:

Այս իրավիճակով երթուղային տրասնպորտը շարունակել է ճանապարհը 2 կանգառ, մինչև որ ընկերն իջել է, իսկ «Ճանճը» սպառնացել է մեր թղթակցին. «Տո նստելուդ տեղն էլ գիտեմ, իջնելուդ տեղն էլ, առը հա թե սրանից հետո դու էս «Գազելը» կնստես»:

Դեպքից անմիջապես հետո MAMUL.am-ի թղթակիցը կապվել է 27 համարի երթուղային «Գազելի» դիսպետչերական կետի հետ, որտեղից հայտնել են, որ տնօրենը տեղում չէ. «Ինչ ուզում եք գրեք ձեր կայքում ա, ինչում ա»,- պատասխանեցին դիսպետչերական կետից:

Նշենք, որ տվյալ երթուղային համարի տվյալ վարորդի աշխատանքին MAMUL.am-ն ավելի վաղ անդրադարձել էր, տեղյակ էր պահել տնօրենին, որ «Ճանճը» հայհոյում է դուռն ուժեղ փակած ուղևորների հասցեին ամենալկտի հայհոյանքներով, արևածաղիկ է կեղևազրկում, անդադար խոսում հեռախոսով, ծխում, պատահել է նաև, որ նա հեռախոսով խաղ խաղալով է վարել ամբողջ ճանապարը: Տնօրենն ամեն անգամ խոստացել է «զբաղվել այդ հարցով», սակայն իրականում ոչինչ չի ձեռնարկվել:

«Ճանճ» մականունով, Արտակ անունով վարորդը
«Ճանճ» մականունով, Արտակ անունով վարորդը
28860 | 32
Facebook