Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փորձում էի ջրի երես հանել ԵՊՀ-ում առկա խնդիրները.... ազատ խոսքի համար ինձ հեռացրեցին համալսարանից». ԵՊՀ ուսանող Հովհաննես Եսայան

16:16, երկուշաբթի, 14 մարտի, 2016 թ.
«Փորձում էի ջրի երես հանել ԵՊՀ-ում առկա խնդիրները.... ազատ խոսքի համար ինձ հեռացրեցին համալսարանից». ԵՊՀ ուսանող Հովհաննես Եսայան

Երևանի պետական համալսարանի ուսանող Հովհաննես Եսայանը բաց նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ իրեն համալսարանից անհիմն հեռացնելու փաստի առնչությամբ:

Հովհաննես Եսայանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ հեռացման հիմնական պատճառը հետևյալն է. «Մենք՝ qayl.am գրական-երիտասարդական կայքի անդամներս, փորձում էինք ջրի երես հանել ԵՊՀ-ում առկա խնդիրները, մասնավորապես`բարձրաձայնել եմ այն մասին, որ ժամանակին Հայ բանասիրության ֆակուլտետի ուսման վարձը կազմում էր 250 հազար դրամ, իսկ այժմ` 400 հազար դրամ։ Մենք հույս ունեինք, որ գումարի աճման հետ մեկտեղ դասախոսներից շատերի գլխուղեղային տվյալները նույնպես կաճեն, բայց արդյունքում ապարդյուն։ Կարծում եմ ազատ խոսքի համար են ինձ համալսարանից հեռացրել»: Նախկին ուսանողի խոսքով` դեռ ուսումնական առաջին տարիներից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի և մյուս դասախոսների ջանքերով ենթարկվել է տարատեսակ ճնշումների՝ իր ազատ խոսքի իրավունքը պաշտպանելու և քաղաքական հայացքների համար. «Այսպիսի իրավիճակ ստեղծվել էր նաև մոտ վեց ամիս առաջ, երբ իմ ազատ խոսքը համացանցային հարթակում հնչեցնելու հետևանքով մի խումբ դասախոսներ որոշեցին իմ դեմ հեռացման դիմում ներկայացնել»,- ասաց Եսայանը: Նախկին ուսանողը նշեց, որ ԵՊՀ-ն իր բոլոր ենթակառույցներով, այդ թվում՝ թե՛ ուսանողական, թե՛ դասախոսական, ամբողջովին պատկանում է իշխող կուսակցությանը, որն էլ ոչ մի կերպ չի հանդուրժում այլախոհությունը, բայց, հույս ունի, որ նախարարը չի թույլատրի քողարկված քաղաքական ռեպրեսիաներով երիտասարդ ուսանողի ճակատագրի խեղաթյուրումը: Նա ԿԳ նորանշանակ նախարարին կոչ է անում. «Եթե ավարտական աշխատանքի վրա խանդավառությամբ աշխատող բանասերին հեռացնում են համալսարանից ուսումնական վերջին տարվա վերջին ամիսներին, այն էլ ֆիզկուլտուրայի լուծարքի պատճառաբանությամբ, ապա պետք է ուշադրություն դարձնեք այս ամենաթողությանը և գոնե նորմալ, մարդկային, հասկանալի պարզաբանումներ ներկայացնեք՝ հղում անելով օրենքներին ու կանոնադրություններին»։
     ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է, թե ինչու է 4-րդ կուրսի ուսանողը հեռացվել բուհից: Հայտարարության մեջ նշվում է. «Վերջին օրերի ընթացքում մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Եսայանի համալսարանից հեռացվելու փաստին: Միանգամից ասեմ, որ Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել է դեռևս 2-րդ կուրսում ունեցած ֆիզդաստիարակություն առարկայի լուծարքը չհանձնելու, 2 տարի շարունակ այդ առարկայի դասերին կրկին չմասնակցելու և մինչև 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակն այն չլրացնելու համար: Այս ամենը նախատեսված է ԵՊՀ կրթական ծրագրերով, և ֆիզդաստիարակություն առարկան ԵՊՀ կրթական ծրագրերով նախատեսված պարտադիր դասընթաց է, ինչպես ԵՊՀ-ում ուսուցանվող այլ դասընթացներ: Երկու տարի շարունակ նա հնարավորություն է ունեցել նորից մասնակցելու դասընթացին և հանձնելու այն: Սակայն փաստացի չի մասնակցել, և օրենքով սահմանված կարգով, հեռացվել է համալսարանից»:

7978 | 0
Facebook