Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ոչ վերջին». Էլաջ Բալդեն վարպետության դաս անցկացրեց հայ գեղասահորդների համար

21:54, չորեքշաբթի, 02 մարտի, 2016 թ.
«Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ոչ վերջին». Էլաջ Բալդեն վարպետության դաս անցկացրեց հայ գեղասահորդների համար
     Այսօր Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում տեղի ունեցավ Կանադայի դրոշի ներքո հանդես եկող ռուս-գվինեական ծագմամբ գեղասահորդ Էլաջ Բալդեի և ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանի վարպետության դասը՝ մարզադպրոցի սաների հետ։ 2008 թվականի Կանադայի երիտասարդների չեմպիոն, Գերմանիայում կայացած հեղինակավոր «Նեբելհորն Թրոֆի» մրցաշարի 2015 թվականի հաղթող 25-ամյա Էլաջ Բալդեն շատ տպավորված է մարզադպրոցի սաների սահքով․ «Շատ տաղանդավոր երեխաներ են։ Ինձ ասացին, որ ընդամենը մեկ ամիս է, ինչ մարզվում են, արդեն բավականին բարդ էլեմենտներ են անում։ Տպավորված եմ։ Տարբեր էլեմենտներ ցույց տվեցի նրանց, սալտո, աքսել և այլն։ Հաջորդ անգամ որ գամ, ավելի շատ բան կսովորացնեմ»,- Բալդեի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
     Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի
     Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը նշեց, որ բարձրակարգ սահադաշտ ունենալը մեծ հնարավորություններ է տալիս հայկական գեղասահքին․ «Հոյակապ սահադաշտ ունենք։ Ուզում եմ, որ գեղասահքը Հայաստանում զարգանա։ Այս պայմանները թույլ են տալիս լավ մարզվել։ Կարող ենք նաև հավաքներ անցնկացնել արտերկրի ուժեղագույն հավաքականների հետ»,- նշեց նա։
     Ավելի քան 1 ժամ տևած վարպետության դասից հետո մարզադպրոցի սաները շատ ոգևորված էին։ Մեր թղթակցի հետ զրույցում երեխաներն ասացին, որ նման մակարդակի մարզիկի հետ շփվելը մեծ պատիվ է նրանց համար։
     Վարպետության դասի վերջում Բալդեն կատարեց իր այցեքարտ դարձած սալտոն, որն աշխարհում միայն նա է կատարում։
     Հրաժեշտից առաջ կանադացի մարզիկը նշեց, որ Հայաստանը նրան շատ է դուր եկել։ Այսօր մարզիկը մեկնել է Խոր Վիրապ, իսկ վաղն այցելելու է Սևանը։ Նա նշեց, որ անպայման վերադառնալու է Հայաստան․ «Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ոչ վերջին։ Խոստանում եմ»։
5814 | 0
Facebook