Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մասնագետները դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը քարոզչություն են համարում

17:01, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Մասնագետները դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը քարոզչություն են համարում

Կրթության ոլորտի որոշ մասնագետներ այսօր մտահոգություն են հայտնել, որ հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմամբ քարոզչություն է իրականացվում:

Նշենք, որ հանրակրթական շուրջ 50 դպրոցում 2-4-րդ դասարանների համար փորձառական ծրագրով ներդրվել է Հայոց եկեղեցու պատմություն առարկան:

«Մեդիա կենտրոնում» այս թեմայի շուրջ բանավեճի ժամանակ, կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը կարծիք է հայտնել, որ այս դասագրքերի միջոցով քարոզչություն է տարվում երեխաների շրջանում, ինչն էլ առաջ է բերում իրավական ոլորտի հիմնախնդիրներ: Փորձագետի խոսքով, առարկայի բովանդակությունը եկեղեցու պատմություն չէ, այլ քարոզչություն է, ինչի հետևանքով բարոյական և հոգեբանական ճնշման թիրախում են հայտնվել կրոնական այլ համոզմունքներ ունեցող ընտանիքների երեխաները:

«Դասըթնացի վերնագրերը անհնար է քարոզչություն չանվանել: Օրինակ՝ Ադամի և Եվայի ընտանիքը, Կայեն և Աբել, Կայենի և Աբելի ընծաները Աստծուն, Նոյ նահապետ, Նոյի որդիները, Տապանի կառուցումը: Սկսած նրանից, որ այս առարկաները կրկին դասավանդվում են 5-րդ դասարանում, հիմա էլ մտցված է 2-րդ դասարանում` «Ընտանիք» վերանգրի տակ, որն իր մեջ դավաբանական հարց է պարունակում, քանի որ ես կարող եմ հավատալ Նոյը կա՞, թե՞ չկա, կամ Նո՞յն է իմ նահապետը, թե՞ ոչ: Ես կարող եմ հավատալ Ադամի և Եվայի պատմությանը, կարող եմ և չհավատալ որպես իսկություն, իսկ եթե մի հարց առաջ է քաշում հավատալ-չհավատալու և գիտական ապացուցման հիմնախնդիրը, այստեղ արդեն դավանաբանության հարց է առաջ գալիս»,- դժգոհել է Դավթյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Անահիտ Բախշյանն էլ նշել է, որ դավանանքը ծնվում է երեխայի հետ և եթե երեխան վաղ տարիքից հասկանա պատվիրանների արժեքը, ավելի մեծ տարիքում արդեն առողջ հասարակության անդամ կդառնա: Այնուամենայնիվ, Բախշյանն այն կարծիքին է, որ չպետք է բռնանալ երեխայի վրա և եթե ծնողները կամ երեխաները պատճառներ ունեն այդ առարկան չսովորելու` կարող են դիմում գրել և չմասնակցել այդ դասաժամին:

Նա նշել է, որ «Կրթության մասին» օրենքով նույնպես ամրագրված, որ Հայ եկեղեցին պետք է մասնակցի երեխաների հոգևոր կրթությանը:

10752 | 5
Facebook