Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեխային պետք չէ կաղամբի և արագիլի մասին հեքիաթներ պատմել». Վրեժ Շահրամանյան

17:03, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
«Երեխային պետք չէ կաղամբի և արագիլի մասին հեքիաթներ պատմել». Վրեժ Շահրամանյան

Բժիշկ- սեքսապատալոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով` թեև այսօր Հայաստանում սեքսոպաթալոգին ավելի շատ դիմում են տղամարդիկ, բայց դա չի նշանակում, որ կանայք ավելի քիչ խնդիրներ ունեն:

Նրա խոսքով` կանանց սեռական խանգարումների պարագայում պատճառը հիմնականում հոգեբանական բնույթ է կրում, որը գալիս է սխալ սեռական դաստիարակությունից և ընտանիքում սխալ դիրքորոշումից:

Սեռական դաստիարակությունն, ըստ մասնագետի` ամենևին զրույց չի սեքսի և սեռական կյանքի մասին: «Սեռական դաստիարակությունն ընդհանուր դաստիարակության մի ճյուղն է: Այնպես, ինչպես երեխային սկսում են սովորեցնել հասարակ կանոններին, հարցերին` ինչպես սնվի, ինչպես իրեն հետևի, նույնն էլ սեռական դաստիարակությունն է, որը տարբեր տարիքային փուլերում տարբեր կերպ է դրսևորվում»,- նշում է բժիշկը: Նրա խոսքով` նորածնային տարիքից մինչև 5 տարեկանը երեխան պետք է ճիշտ պատկերացնի և յուրացնի իր սեռային պատկանելիությունը: «Այս տարիքում պետք է ուշադիր լինել հագուստի և խաղալիքների առումով, այսինքն` տվյալ սեռին բնորոշ: Այն ընտանքիներում, որտեղ բացակայում է հոր դերակատարությունը, մայրիշխանություն է տիրում, տղային շատ դեպքերում դաստիարակում են ոչ այնքան ճիշտ ուղղով, և բնավորության մեջ ամրապնդվում են այնպիսի գծեր, որոնք հետագայում կխանգարեն նրան ինքնուրույն տղամարդ կայանալու հարցում: Հետագայում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,- համոզված է մասնագետը:

Վրեժ Շահրամանյանի պնդմամբ` երեխայի այն հարցին, թե որտեղի՞ց է ինքը լույս աշխարհ եկել, բնավ կարիք չկա կաղամբի և արագիլի մասին հեքիաթներ հորինել. «Պարզապես կարելի է ցույց տալ հղի կանանց լուսանկարներ և պարզ օրինակով բացատրել, որ երեխան դուրս է եկել մոր փորիկից: Երեխան դա ավելի ճիշտ կընկալի ու կբավարարվի այդպիսի պատասխաններով այդ տարիքում: Տարիներին զուգահեռ, երբ երեխայի մոտ կառաջանան այլ հարցեր, օրինակ` ինչպե՞ս ինքը հայտնվեց մոր փորիկում, կարելի է տարբեր պատկերավոր խաղերի միջոցով, գրքերի կամ մուլտիպլիկացիոն տարբերակով երեխային մատուցել: Բայց դա պետք է անել չափի մեջ, որովհետև չափն անցնելը շատ վտանգավոր է»,- նշում է մասնագետը:

Նրա կարծիքով` համացանցն այսօր այդ առումով լուրջ վտանգ է ներկայացնում. «Պետք է ուշադիր լինել և հետևել, թե դեռահասներն ինչ են կարդում: Դպրոցներում ևս սեռական դաստիարակությանը համապատասխան ուշադրություն չի դարձվում: Այսօր սեռական դաստիարակության հարցերը ներառված են Առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում, որը պարապում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը»,- նշեց Վրեժ Շահրամանյանն ու բոլոր ծնողներին խորհուրդ տվեց չխուսափել երեխայի հարցերին լիարժեք պատասխաներ տալուց:

9529 | 1
Facebook