Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը մերժել է «Վերնիսաժի» կրակոցների գործով դատախազի բողոքը

10:30, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Վերաքննիչ դատարանը մերժել է «Վերնիսաժի» կրակոցների գործով դատախազի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Վերնիսաժի» կրակոցների գործով 6 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանի գործով դատախազի բողոքը: Այս մասին MAMUL.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և Գոռ Առաքելյանին՝ «Յուվեցի Կարոյի» փեսային, դատապարտել 9 տարվա ազատազրկման: «Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը և առաջին ատյանի կայացրած որոշումը թողել ուժի մեջ: Քանի որ մենք վերաքննիչ չենք դիմել, վճռաբեկ դիմելու իրավունք էլ չունենք: Այս պահին տեղեկություն չունեմ, թե դատախազությունը վճռաբեկ բողոք ներկայացնելու է թե ոչ»,- ասաց Սարգսյանը: Ինչ վերաբերում է Գոռի առողջական վիճակին, ապա պաշտպանը նշեց, որ որևէ տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինի դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաև անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաև երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաև Ներսես Մելքոնյանը և Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՔՕ 66-րդ հոդվածով եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Վալերիկ Հովհաննիսյանը դատապարտվել է 3, Ներսես Մելքոնյանը` 2 տարվա ազատազրկման:

3790 | 0
Facebook