Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բարձր կպահեմ պատվավոր անցյալ ունեցող երկրիս պատիվը»․ Միքայել Միքայելյան

22:08, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Բարձր կպահեմ պատվավոր անցյալ ունեցող երկրիս պատիվը»․ Միքայել Միքայելյան
     Րոպեներ անց Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կմեկնարկեն ձմեռային երկրորդ պատանեկան օլիմպիական խաղերը։ Հայաստանը ստուգատեսին կներկայացնեն դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը։ Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի Միքայելյանը։ «Հպարտ եմ, որ կրելու եմ հայրենիքիս դրոշը։ Անպատճառ, բարձր կպահեմ պատվավոր անցյալ ունեցող երկրիս պատիվը»,- նշեց Միքայելյանը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։
     Հատկանշական է, որ Միքայելյանների ընտանիքի արդեն երրորդ անդամին է վստահվում դրոշը տանելու պատիվը։ Միքայելի ավագ եղբայրը՝ Սերգեյը, Հայաստանի դրոշակակիրն է եղել 2014-ին՝ Սոչիում կայացած ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությանն, իսկ տղաների մայրը՝ Ալլա Միքայելյանը, մեր պատվիրակության դրոշակակիրն է եղել 1998-ին՝ Նագանոյում կայացած ձմեռային 18-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությանը: «Հպարտ եմ, որ մեր ընտանիքում երրորդն եմ, ով օլիմպիական խաղերի բացման արարողությանը տանելու է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Կարելի է ասել՝ ընտանիքում արդեն փոքրիկ ավանդույթ է ձևավորվել՝ բարձր պահել մեր ազգի պատիվը»,- նշեց 16-ամյա Միքայելը։
Սերգեյ և Միքայել Միքայելյաններ
Սերգեյ և Միքայել Միքայելյաններ

     Խոսելով խաղերից իր ակնկալիքների մասին՝ մարզիկը նշեց, որ ամեն ինչ անում է՝ լավ արդյունքի հասնելու համար․ «Չեմ սիրում խոսել ապագայի մասին։ Տրամադրվում եմ ծանր աշխատանքին։ Հույս ունեմ, դժվարությունները հաղթահարելով, հաջող հանդես գալ և ներառվել լավագույն քսանյակում։ Ջանք ու եռանդ չեմ խնայի՝ հաղթահարելով բոլոր արգելքները»,- եզրափակեց նա։
     Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հունվարին կայացած զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի խաղարկությանը Միքայելյանը երկրորդ տեղն է գրավել 10 կմ դասական ոճով պայքարում, իսկ 10 կմ ազատ ոճով պայքարում երրորդն է հասել եզրագծին։
3804 | 0
Facebook