Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շուրջ 250 հղի կանայք պատրաստ են բողոքի ակցիա անել` ի պաշտպանություն Շուշանիկ Բախշյանի». փաստաբան

17:05, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Շուրջ 250 հղի կանայք պատրաստ են բողոքի ակցիա անել` ի պաշտպանություն Շուշանիկ Բախշյանի». փաստաբան

Շուրջ 250 հիվանդներ և հղի կանայք դիմել են Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ ոտնձգումները դադարեցնելու պահանջով: Վերջինները ցանկացել են նաև բողոքի ակցիա անցկացնել: Այս մասին տեղեկանում ենք Բախշյանի շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ տեղադրված է նաև նրանց դիմումն ու ստորագրությունների մի մասը:
     Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պատահեց, որ 250 հոգի կանայք կարողացան մի մարդու պես համախմբվել և թե ո՞վ է կազմակերպել նրանց մասնակցությունն այս գործում:
     «Հիվանդները, որոնք հաշվառման են կանգնած, գալիս են հիվանդանոց և տեսնում` բժշկուհին չկա, այն բժշկուհին, որին իրենք են ընտրել: Նրանք, որոնք ժամանակին կարող էին գնալ ուրիշ հիվանդանոց, եկել են «Շենգավիթ» ԲԿ և Շուշանիկ Բախշյանին ընտրել: Հենց իր համար են եկել, ո՞ւմ ինչ գործն է…»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրունյանը:
     Ինչ վերաբերում է ակցիային, ասաց, որ դա կանանց մտահղացումն է եղել. «Այնպես չէ, որ ես և փաստաբան Կարեն Կիրակոսյանը կողմ ենք եղել այս ստորագրահավաքին: Մենք ակցիաներ չենք սիրում. այնպես չէ, որ այս 250 հոգին մեզ օգնեցին` կալանք չկիրառվեց, ձերբակալվեց կամ չձերբակալվեց»,- ասաց մեր զրուցակիցը:
     Հիշեցնենք` 2015 թվականի հուլիսի 24-ին Շուշանիկ Բախշյանը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան:
     2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:
     Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ. Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

4970 | 1
Facebook