Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

16:25, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
     Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ նախագահը որոշել է Գորիկ Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
     ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
     Նշենք, որ Գորիկ Հակոբյանը կաշխատի որպես ՀՀ նախագահի խորհրդական:
    
     ***
    

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
     2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
     2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
     2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):
     2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:
     2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:
     2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
     2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
     2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը:
     2011-2014թթ. եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:
     Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
     1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:
     Արդարադատության առաջին դասի խորհրդական է:
     Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
     Ամուսնացած է, ունի մեկ որդի:

11113 | 2
Facebook