Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գեղեցկության սրահներում կարելի է վարակվել սնկայինից մինչև հեպատիտ». ոլորտը վերահսկողությունից դուրս է

14:31, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
«Գեղեցկության սրահներում կարելի է վարակվել սնկայինից մինչև հեպատիտ». ոլորտը վերահսկողությունից դուրս է

«Ասում են` գեղեցկությունը զոհեր է պահանջում, ես այս պարագայում մի քիչ այլ կերպ կձևակերպեի, գեղեցկությունը պահանջում է ոʹչ թե զոհեր, այլ` զգոնություն և գիտելիքներ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մաշկաբան Սահակ Դանիելյանը: Նրա խոսքով` գեղեցկության սրահներում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել հիգիենայի կանոններին, քանի որ դրանց բացակայությունը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

«Գեղեցկության սրահներում հնարավոր է վարակվել մի շարք հիվանդություններով. կարող են ներթափանցել սնկերը, մաշկային հարուցիչներն ու հեպատիտ В և С հիվանդությունները»,- նշեց մասնագետը: Նրա խոսքով` ցանկացած այցելուից հետո, կիրառվող գործիքների պատշաճ ախտահանման դեպքում միայն կարելի է խուսափել նման վարակների տարածումից:

Մատնահարդար Մարինե Ավագյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս առումով առավել վտանգավոր են մանիկյուրը, պեդիկյուրն ու դաջվածքները: «Մատնահարդարման ընթացքում վարակների փոխանցման հավանականությունն ավելի մեծ է: Այդ ժամանակ հնարավոր է այցելուի մաշկը վնասվի և արյան միջոցով վարակը փոխանցվի մյուս այցելուին: Դրա համար շատ կարևոր է կիրառվող գործիքները յուրաքանչյուր այցելուից հետո մանրէազերծել հատուկ ջերմային պայմաններում»,- նշեց մատնահարդարը:

Իսկ թե որքանո՞վ է մեր երկրում վերահսկվում այս ոլորտը, փորձեցինք պարզել ԱՆ համաճարակաբանության պետական տեսչությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Նշենք նաև, որ տարբեր գեղեցկության սրահներից մեզ հավաստիացրին, որ տարիներ շարունակ գործող սրահներում նշված տեսչությունից երբեք այցեր չեն եղել:

5301 | 1
Facebook