Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Ժառանգություն» կուսակցության վերջին անդամին ուզում եք տանե՞լ ԱԺ-ից». Գագիկ Մելիքյանն` Էդմոն Մարուքյանին

12:46, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
««Ժառանգություն» կուսակցության վերջին անդամին ուզում եք տանե՞լ ԱԺ-ից». Գագիկ Մելիքյանն` Էդմոն Մարուքյանին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին հարցը:
     Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Մարգարյանն առաջադրել են Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի, իսկ ՀՀԿ խմբակցությունը՝ Արման Թաթոյանի թեկնածությունը:
     Էդմոն Մարուքյանը ներկայացնելով իր թեկնածուին` Զ. Փոստանջյանին, ընդգծեց, որ նա աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ. «Ես՝ որպես իրավապաշտպան, կիսում եմ նրա մոտեցումները, իմ հիշողության մեջ նա տպավորված է որպես խիզախ կին, որը պաշտպանում է մարդու իրավունքները: Իմ գործընկերներին խնդրում եմ քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին»:
     Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարց ուղղեց Է. Մարուքյանին, թե պատգամավոր Զ. Փոստանջյանին ի՞նչն է խանգարում` լինելով ԱԺ պատգամավոր, միաժամանակ պաշտպանել նաև մարդու իրավունքները: Չէ՞ որ նա ունի նույնչափ լիազորություններ: Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Զարմացած եմ, որ նման հարց եք բարձրացնում՝ ինքներդ լինելով իրավաբան: ԱԺ պատգամավորի սահմանադրական իրավունքները խստորեն տարբերվում են ՄԻ պաշտպանի առաքելությունից: ԱԺ որևէ պատգամավոր չի կարող պետական որևէ մարմնի առաջարկել վերանայել մարդու խախտված իրավունքները, ինչը կարող է անել ՄԻ պաշտպանը, տարբերություններն ուղղակի անհամեմատելի են: ՄԻ պաշտպանը որևէ քաղաքական ուժ չի ներկայացնում, ի տարբերություն պատգամավորի»:
     Լ. Մարտիրոսյանը նշեց, որ տարբերություններ կան իհարկե. «Բայց պատգամավորներից ոչ մեկին ԱԺ կանոնակարգը չի խանգարում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարելու: Ինչպես Դուք նշեցիք, ինքը պատգամավոր եղած ժամանակ էլ է պաշտպանել մարդու իրավունքները»:
     «Այո, նրան հաջողվել է, ու եթե Ձեր ձայնը տաք նրան, նա ավելի լայն լիազորություններ կունենա մարդու իրավունքները պաշտապնելու»,- նշեց Մարուքյանը:
     ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Գագիկ Մելիքյանն էլ հարց բարձրացրեց՝ ««Ժառանգություն» կուսակցության միակ՝ վերջին անդամին ուզում եք տանե՞լ ԱԺ-ից, կարծում եմ՝ ճիշտ չէ գերեզմանափորը լինել»:
     Է. Մարուքյանը զարմացավ, որ իրեն փորձում են գերեզմանափորի պիտակ կպցնել. «Ես քննարկել եմ տիկին Փոստանջյանի հետ նրա թեկնածությունը ներակայացնելու հարցը, ունեմ նրա գրավոր համաձայնությունը: Եթե նա տալիս է համաձայնություն, ուրեմն՝ ունի այն ուժի համաձայնությունը, որը ներկայացնում է: Մինչև հինգերորդ գումարման ավարտը խմբակցությունը կմնա, հետո նոր կազմով կգա: Զարմանում եմ, որ ՀՀԿ-ն է դրա դարդն անում»:
     Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ մտահոգություն հայտնեց, թե արդյոք կդիմանա՞ Զ. Փոստանջյանը քաղաքական ճնշումներին, նաև նկատեց, որ դեռ նրա կուսակցական ընկերները, նախագահը որևէ ձևով չեն արձագանքել նրա այս քայլին:
     «Զ. Փոստանջյանն ունի բավարար խիզախություն ու չի ենթարկվի ճնշումների, ու եթե կա ՀՀ-ում նման պրակտիկա, ապա ինքը այն մարդն է, որ այդ պարկտիկան իրեն չի վերաբերվի: Մեր մոտեցումները քաղաքական չեն, այլ իրավապաշտպանական: Գուցե քաղաքական հայտարարություններով չեն եկել կուսակցականները, որ չքաղաքականացնեն գործընթացը»,- ասաց Մարուքյանը:

3517 | 3
Facebook