Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

12:08, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:
     «Նա իսկական հայ է: Խելագարվում է՝ տեսնելով, թե ինչ է կատարվում իր հայրենիքում: Նա այնքան երկչոտ է, անկեղծ, բարի, բացարձակապես հրեշտականման մարդ, որ ընկերանալով նրա հետ, սկսեցի նայել նրա աչքերով: Երբ ես կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, մտածում եմ, թե ինչ է այժմ ապրում Հրանտ Մաթևոսյանը… Ահա այսպես նրան սիրելով` իմ մեջ արթնացան որոշ հայկական զգացողություններ», -մի առիթով խոստովանել է Սերգեյ Դովլաթյանը:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935-ի փետրվարի 12-ին` Ահնիձոր գյուղում: Գրողի առաջին գործը եղել է «Ահնիձոր» ակնարկը, իսկ ժողովածուն` «Օգոստոսը», որը լույս է տեսել 1967-ին: Ավելի ուշ տպագրել է «Ծառերը» ժողովածուն, «Մենք ենք, մեր սարերը», «Կենդանին ու մեռյալը», «Աշնան արև» և այլ գործեր, ինչպես նաև` «Ալխո», «Նարինջ զամբիկը», «Կանաչ դաշտը» պատմվածքները, «Գոմեշը», «Տերը», «Անձրևած ամպեր» վիպակները:

Հրանտ Մաթևոսյանի երկերի հիման վրա և սցենարներով մի շարք ֆիլմեր են նկարահանվել: Հանդիսատեսին ավելի շատ հայտնի է «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արև», «Տերը» կինոկնարները:

«Երբ Հրանտը գրեց «Տերը», ես ուղղակի ապշեցի, շատ ուրախացա ու մտածեցի` այ հիմա հայերս կհասկանանք, որ մեր դժբախտությունը եղել է, կա ու կշարունակի լինել, եթե մենք տեր չկանգնենք մեր երկրին…մեր ամեն ինչին…Ես 7-8 անգամ կարդացել եմ «Տերը», բայց չեմ կշտանում, ինչքան մանրամասնություններ ու նրբություններ կան»,- անկեղծացել է Սոս Սարգսյանը:
3777 | 0
Facebook