Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով

11:43, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած հերթական դատավարության ժամանակ, պարզվել է, որ Հայկազ Բարսեղյանի մահը, որին 2015թ. հունվարի 26-ին վաղ առավոտյան հայտնաբերել էին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում, վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով:
     Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի 1/3-ի եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույն, ներքևից՝ վերև, առջևից՝ հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որն առաջացել է կոշտ մակերես ունեցող բութ առարկայի հետմահու ներգործությամբ, կախելու ընթացքում, որպիսին կարող է հանդիսանալ Հ. Բարսեղյանի պարանոցին գցված օղը: Փորձագետը նշել է, որ ելնելով դիակային բծերի տեղակայումից՝ Հայկազ Բարսեղյանը կարող էր կախված մնալ մոտ 8-10 ժամ:
     Ըստ փորձաքննության եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արյունազեղում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ, որը պատճառվել է կենդանության օրոք, մահվանից րոպեներ առաջ, պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով:
     Միաժամանակ, Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են ձախից այտային, աջից վերին շրթունքի շրջանների քերծվածքներ, աջից վերին և ստորին շրթունքների լորձաթաղանթի պատռվածքներ, որոնք նույնպես առաջացել են կենդանության օրոք, մահվանից մոտ 30 րոպեից մինչև 90 րոպե առաջ, բութ առարկաների ազդեցությամբ: Ըստ եզրակացության՝ դրանք չէին կարող պատճառվել իր իսկ կողմից, և կուրսանտի մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:
     Ամբաստանյալների պաշտպանները, հայտնել են, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ, քանի որ դրանում կան մի շարք թերություններ:
     Փաստաբանների միջնորդությամբ որոշվել է հաջորդ դատական նիստին հրավիրել և հարցաքննել դատաբժշկական փորձագետին: Պաշտպանները չեն բացառել, որ գուցե կարիք լինի նաև դիակի կրկնակի դատաբժշկական փորձագիտություն իրականացնել:

4344 | 1
Facebook