Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի քանի բան կա, որ ինձ համար ընդունելի չէ». Արմեն Մարտիրոսյանը` Բագրատյանի առաջարկած` ընդդիմադիրների կոալիցիա ստեղծելու մասին

15:16, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Մի քանի բան կա, որ ինձ համար ընդունելի չէ». Արմեն Մարտիրոսյանը` Բագրատյանի առաջարկած` ընդդիմադիրների կոալիցիա ստեղծելու մասին

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս կարծիք է հայտնել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն դաշինքով: Կոալիցիայում, ըստ Բագրատյանի, կընդգրկվեն «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն» քաղաքական ուժերը:

Բագրատյանի խոսքով` միանալու դեպքում, վիճակահանությամբ են որոշելու ցուցակի հաջորդականությունը, իսկ քարոզարշավի ծախսը հավասարապես են բաշխելու: «Եթե հաջողվի կոալիցիա ստեղծել, ապա բոլորը ձայն են տալու այս միավորմանն ու հաղթելու են պառլամենտական ընտրությունների ժամանակ»,- ասել է նա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով Բագրատյանի առաջարկին, ասաց, որ որպես գաղափար այն ընդունելի է և ենթակա է քննարկման. «Քննարկելու ենթակա առաջարկ է, բայց բավականին հստակեցման կարիք է զգում: Մի քանի բան կա, որ ինձ համար ընդունելի չէ: Ասենք` ցուցակը կազմելուց ինչպե՞ս պետք է վիճակահանության ցուցակ կազմեն: Չէ՞ որ ցուցակը պետք է նաև տրամաբանություն ունենա, փաստարկված լինի, որպեսզի հասարակությանը ներկայացնենք: Կամ որ ասում է` բոլորը հավասար ներկայացուցիչներ պետք է ունենան. այդ դեպում այն կուսակցությունը, որը խորհրդարան անցնող է կամ հավանականությունը մեծ է, որ կանցնի, և այն կուսակցությունը, որի հավանականությունը մեծ չէ, որ կանցնի, ինչպե՞ս կարող են հավասար թվով ներկայացուցիչներ ունենալ ցուցակի մեջ: Հստակեցված չէ նաև` այդ ցուցակը ժամանակավո՞ր, թե երկարաժամկետ համագործակցության համար է, պարտվելու դեպքում ի՞նչ է լինում, հաղթելու դեպքում` ինչ: Մի խոսքով, բազմաթիվ հարցեր կան, չհաշված ` ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերը»,- մեկնաբանեց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է առաջարկը քննարկելուն, մեր զրուցակիցն ասաց, որ «Ժառանգությունը» նման խնդիր չունի, և բոլոր առաջարկներն էլ լսում և կարծիք է հայտնում է:

3587 | 0
Facebook