Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է

16:26, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Այսօր օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է

Այսօր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը դառնում է 87 տարեկան։
     Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Գանձակում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին, հոր մահից հետո, աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ, զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։
     1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն՝ օղակների վրա վարժություններում և թիմային հաշվարկով։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում։ 1960 թվականին Իտալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է մարզական կարիերան՝ աշխատանքի անցնելով Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում՝ որպես տնօրեն։
     Ընդհանուր առմամբ, Ազարյանը մասնակցել է աշխարհի 49 պետություններում կայացած մրցաշարերի, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրի համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։


     2000 թվականին անվանի մարզմնամարզիկին շնորհվել են «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա ասպետ» կոչումները։ Նույն թվականին նա ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ։ 2013 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի։

10430 | 0
Facebook