Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչական շրջաններն իրար մեջ բաժանելն արդեն հետևանք է այն ամենի, ինչ տեղի է ունենում երկրում». Արմեն Մարտիրոսյան

16:33, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
«Վարչական շրջաններն իրար մեջ բաժանելն արդեն հետևանք է այն ամենի, ինչ տեղի է ունենում երկրում». Արմեն Մարտիրոսյան

Մամուլում այսօր լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում, Երևանի մի քանի վարչական շրջաններ տրվելու են դաշնակցականներին: Դրանք են` Էրեբունի, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:

Երկրում տեղի ունեցող անտրամաբանական իրադարձությունների ֆոնին, թերևս, վարչական շրջաններն իրար մեջ «կիսելը» պետք է որ զարմանալի չթվար, սական տարօրինակ է հատկապես այն, որ մինչև երեկ, երբ նույնիսկ կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, նման խոսակցություններ չկային: Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ հանգիստ ձայնով լրագրողներին հաղորդեց, որ ոչ մի կարևոր հարց չի քննարկվել, և ամեն ինչ պարզ կլինի երեք օրից:

Երեք օրը դեռ չի լրացել, սակայն ՀՅԴ-ականներն արդեն խոսում են իրենց նոր «պարգևատրություններից», որոնց մեջ, ինչպես վերը նշեցինք, մաս են կազմում նաև Երևանի վարչական շրջանները:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր երկրում, արդեն զարմանալի չէ. «Ամեն ինչ էլ հնարավոր է և չեմ կարծում, որ դա քննարկման կարևորագույն նյութն է այսքանից հետո: Նույն հաջողությամբ Դուք կարող է հարցնել` կարո՞ղ է վարչության պետեր փոխվեն, բաժնի պետեր փոխվեն, վարչությունում նոր աշխատողներ ընդունվեն: Կպատասխանեմ` իհարկե, հնարավոր է»:

Ա. Մարտիրոսյանի խոսքով` վարչական շրջաններն իրար մեջ բաժանելն արդեն հետևանք է այն ամենի, ինչ տեղի է ունենում երկրում և զարմանալի ոչինչ չկա. «Այսօր քննարկել այդ հարցը, թե հնարավո՞ր է Երևանի վարչական շրջանները տան ինչ-որ մեկին, կարծում եմ` իմաստ չունի, քանի որ ամեն ինչ էլ հնարավոր է»,- եզրափակեց «Ժառանգության» փոխնախագահը:

3854 | 1
Facebook