Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը չի ձգձգել մահացած զինվորի բուժման հարցը

16:10, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Առողջապահության նախարարությունը չի ձգձգել մահացած զինվորի բուժման հարցը
     Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում էր պայթեցնել ինչ-որ մարդկանց: Այս մասին տեղեկանում էինք Shamshyan.com-ից: Պատճառն այն էր, որ այսօր առավոտյան մահացել էր նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ ուներ: Հարևանները, ովքեր չէին ցանկացել ներկայանալ, ասել էին. «Տղան 2012 թվականին ծառայել է ՀՀ ՊՆ Վարդենիսի զորամասում և հիվանդության պատճառով զորացրվել է, որից հետո առողջապահության նախարարությունը խոստացել է, որ բուժման ծախսերը կհոգա անգամ արտասահմանում, սակայն այնքան են ձգձգել, որ տղան այսօր մահացել է, ինչի պատճառով էլ հայրն ստիպված փորձում է դիմել ծայրահեղ այդ քայլին»:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը խնդրի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից:
     «Այդ մարդիկ նախարարությանը դիմել են 2014 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայրը գրել էր, որ որդիս` Աշոտ Այվազյանը, տառապում է ուռուցքային հիվանդությամբ, այն ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում: Վիրահատվել և ստացել է համապատասխան բուժումներ, սակայն վիճակը վաթարացել է: Մասնագետների կողմից հանրապետությունում հնարավոր չէ իրականացնել բուժումը: Խնդրում եմ ինձ տրամադրել բժշկական եզրակացություն՝ Հայաստանի հանրապետությունում այդ հիվանդության բուժման անհնարինության վերաբերյալ: Իրենք դիմել են մեզ այս հարցով և ըստ դրա առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը դիմումն ուղարկել է մեր գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանին: Զինվորի հայրը ներկայացրել է նաև հիվանդության պատմությունը»: Անահիտ Հայթայանը նշեց, որ Հայրապետ Գալստյանը իրենց շատ կարճ ժամանակահատվածում պատասխանել է: «Հաշվի առնելով երիտասարդ տարիքը, մորֆոլոգիան նշանակվել է կրկնակի հետազոտություն տեղսքաներով, իսկ մեր հանրապետությունում չկա այդ սարքը և ալտերնատիվ բուժում է պետք արտերկրում»: Անահիտ Հայթայանը նշեց, որ իրենց դիմել են միայն այս թուղթը ստանալու համար, քանի որ առանց այս թղթի չէին կարողանա դուրս գալ երկրից:
     «Իրենք, եթե այս թուղթը չունենային, դեսպանատունը չէր թողնի դուրս գալ, իրենք միայն դրա համար են դիմել: Բոլորն էլ գիտեն, որ նախարարությունը լիազորություններ և ֆինանսական միջոցներ չունի՝ որևէ մեկի՝ արտերկրում բուժման ծախսերը հոգալու համար»,- եզրափակեց նա:
6696 | 2
Facebook