Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ մարդը հեռանում է, բայց նրա լեգենդը երբեք չի մահանում. այսօր Յան Պորտերֆիլդը կդառնար 70 տարեկան

16:53, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Մեծ մարդը հեռանում է, բայց նրա լեգենդը երբեք չի մահանում. այսօր Յան Պորտերֆիլդը կդառնար 70 տարեկան

Այսօր՝ փետրվարի 11-ին, Յան Պորտերֆիլդը կդառնար 70 տարեկան։ Ցավոք, 2007 թվականի սեպտեմբերի 11-ին նա հեռացավ կյանքից ծանր հիվանդության պատճառով։ Նա մահացավ՝ որպես Հայաստանի ընտրանու գործող մարզիչ։ Չնայած նա գլխավորել է հավաքականն ընդամենը մեկ տարի՝ 2006-2007 թվականներին, բայց ֆուտբոլի երկրպագուների սրտում նա միշտ կմնա հաղթանակած, հավաքականը վերածնած մարզիչ։
     Յան Պորտերֆիլդը ծնվել է 1946 թվականին՝ Շոտլանդիայի Դանֆերմլին քաղաքում։ Մարզական կարիերան սկսել է «Ռեյթ Ռովերս»-ում, սակայն կարիերայի լավագույն տարիներն անց է կացրել «Սանդերլենդ»-ում։ Ավագ սերունդը կհիշի նրա հաղթական գոլը 1973-ի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում։

«Ուեմբլի» մարզադաշտում ընթացող հանդիպման 31-րդ րոպեին Պորտերֆիլդը, գրավելով այդ տարիների ամենաուժեղ թիմերից մեկի՝ «Լիդս Յունայթեդ»-ի դարպասը, հաղթանակ պարգևեց իր թիմին՝ հռչակվելով Անգլիայի գավաթակիր։ 1977-ին Պորտերֆիլդը տեղափոխվեց «Շեֆիլդ Ուենսդեյ»՝ ապագայում դառնալով ակումբի խաղացող մարզիչ։ Շուրջ 30 տարվա մարզչական կարիերայի ընթացքում Պորտերֆիլդը գլխավորել է մի շարք ակումբներ՝ այդ թվում անգլիական «Շեֆիլդ Յունայթեդ»-ը, «Ռիդինգ»-ը և «Չելսի»-ն։
     2006 թվականի ապրիլի 4-ին Պորտերֆիլդը պայմանագիր կնքեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ դառնալով Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Պորտերֆիլդը երբեք չի թաքցրել իր սերը երկրի, մարդկանց և ֆուտբոլիստների հանդեպ։ Բազմաթիվ հարցազրույցներում մարզիչը խոսել է իր ջերմ վերաբերմունքի մասին, համբուրել Հայաստանի դրոշը։ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը վերածնվեց։ Ոչ-ոք չէր կարող պատկերացնել, որ հետխորհրդային շրջանից հետո ոտքի կանգնող երկիրը կարող է հաղթել այդ տարիներին բավականին ուժեղ Լեհաստանի ընտրանուն։ Դա 2007-ի հունիսի 6-ն էր։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ ընդունում էր Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի A խմբի առաջատար Լեհաստանի հավաքականին։ Պորտերֆիլդի սաները նվազագույն 1։0 հաշվով պարտության մատնեցին մրցակցին։ Սենսացիոն հաղթանակի մասին այդ տարիներին գրում էին նույնիսկ համաշխարհային պարբերականները։
Երկրորդ անգամ աշխարհը ցնցվեց 2007-ի օգոստոսի 22-ին, երբ Հայաստանի ընտրանին, շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ, ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը Եվրոպայի գործող փոխչեմպիոն Պորտուգալիայի ընտրանու հետ պայքարում։ Հատկանշական է, որ այդ տարիներին մեր հավաքականի կազմում չկային աստղեր, բայց թիմը գեղեցիկ և դինամիկ ֆուտբոլ էր ցուցադրում։ Նման հաջող մրցելույթներից հետո Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարձրացավ 80-րդ հորիզոնական։ Այդ պահին դա հավաքանի պատմության լավագույն արդյունքն էր։

     Քաղցկեղով հիվանդ մարզիչը, չնայած բժիշկների արգելքներին, ամեն անգամ լքում էր Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները՝ խաղադաշտում հավաքականն անձամբ ղեկավարելու համար։ Նա հավաքանի ղեկին մնաց մինչև կյանքի վերջին օրը։ Պորտուգալիայի հետ հանդիպումից մի քանի օր անց՝ 2007-ի սեպտեմբերի 11-ին Յան Պորտերֆիլդը մահացավ։ Հատկանշական է, որ ՈւԵՖԱ-ն ցավակցական ուղերձ հղեց ոչ միայն ՀՖՖ-ին, ինչպես արվում է նման դեպքերում, այլ ողջ հայ ազգին: Հայ երկրպագուները սգում էին։ Նրանք ծաղիկներ ու վառվող մոմեր էին բերում ՀՖՖ շենքի մոտ, պաստառներ փակցնում շենքի դարպասին։
     Երբեմնի աստղի մահվան կապակցությամբ հարգանքի տուրք էին մատուցել նաև «Սանդերլենդ»-ի և «Ռիդինգ»-ի ֆուտբոլիստները՝ խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգելով Պորտերֆիլդի հիշատակը և հանդիպումն անցկացնելով սև թևկապերով։ Ավելի ուշ, 1973 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչի հաղթական գոլի հեղինակի հիշատակին Սանդերլենդում փաբ է բացվել՝ «The Porterfield»։
     Չնայած անցել է արդեն 9 տարի, բայց հայ երկրպագուները չեն մոռացել իրենց հերոսին, ում օրոք վերածնվեց հայկական ֆուտբոլը։ Ինչպես ասում են՝ «Մեծ մարդը հեռանում է, բայց նրա լեգենդը երբեք չի մահանում»։

5228 | 0
Facebook