Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սուր շնչառական վարակների 2-րդ ալիքը չի բացառվում

15:40, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Սուր շնչառական վարակների 2-րդ ալիքը չի բացառվում

«Սովորաբար հանրապետությունում սուր շնչառական վարակների երկու ալիք է գրանցվում, մեկը դիտարկվում է նոյեմբերին, մյուսը` փետրվարին: Բայց այս տարվա սեզոնը մի փոքր առանձնահատուկ էր նրանով, որ մենք սեզոնային բարձրացում ունեցանք հունվարին` պայմանավորված H1N1 գրիպի ենթատեսակով: Քանի որ հանրապետությունը մինչև ապրիլը ներառյալ գտնվում է շնչառական վարակների շրջանում, հիմք ընդունելով մեր համաճարակաբանական վերլուծության արդյունքները, չի բացառվում, որ կարող է դիտվել նաև 2-րդ ալիքը»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Քանի որ մեզ մոտ արդեն 2-րդ ալիքը որպես այդպիսին դիտարկվեց հունվարին, կարող ենք ունենալ որոշակի ակտիվացում, բայց այս դեպքում պայմանավորված չի լինի H1N1-ով, որովհետև այդ վիրուսը շրջանառեց և մարեց: Դրա մասին վկայում են մեր մշտադիտարկման արդյունքները»,- նշեց Լիանա Թորասյանը: Նրա խոսքով` մենք այսօր շնչառական վարակների նկատելի նվազում ունենք:

«Բայց սա մեզ ձեռնունայն նստելու հիմք չի տալիս, որովհետև մենք դեռևս սեզոնի մեջ ենք, ունենք նպաստավոր պայմաններ, կարող է շրջանառվող հարուցիչները փոփոխվեն և որոշակի ակտիվացում նկատվի պայմանավորված շնչառական այլ հարուցիչներով»:

Անդրադառնալով դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվող խիստ վերահսկողությանը՝ նա նշեց, որ այդ վերահսկողությունը կշարունակվի, քանի դեռ եղանակային պայմանները բարենպաստ չեն:

«Երեխաների ընդունելությունն իրականացվում է մասնագետների կողմից բուժզննում անցնելուց հետո, մասնագետները համոզվում են՝ արդյոք երեխայի մոտ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ կան, թե՞ ոչ: Բացի այդ մինչև հիմա ուշադրության կենտրոնում են նաև ջերմային ռեժիմի ցուցանիշները»,- ասաց նա: Մասնագետի հավաստմամբ` դասասենյակները ջեռուցվում են նաև շաբաթ և կիրակի օրերին:

6479 | 0
Facebook