Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու և համատեղ ուսումնամարզական հավաքի մասին

19:11, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Լևոն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու և համատեղ ուսումնամարզական հավաքի մասին

Հունահռոմեական ոճի ըմշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։
     «Արդեն երկրորդ ուսումնամարզական հավաքն ենք անցկացնում այս տարի։ Առաջին հավաքից հետո հավաքականը մեկնեց Բուլղարիայի և Ստամբուլի միջազգային մրցաշարեր, որտեղից վերադարձանք 4 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով: Ներկա փուլում մենք արդեն պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Սա նախապատրաստական փուլերից մեկն է: Եվրոպայի առաջնությունից առաջ կանցկացնենք ևս մեկ հավաք՝ փետրվարի 25-ից մարտի 9-ը՝ Մինսկի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում։ Եվրոպա մեկնող հավաքականի կազմն արդեն հայտնի է»,- նշեց Ջուլֆալակյանը։
     Այս օրերին Հայաստանի ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում Բուլղարիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Ջուլֆալակյանի կարծիքով՝ դա ավելի արդյունավետ է դարձնում մարզումային գործընթացը․
     «Այս անգամ մեզ հետ ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև Բուլղարիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Շատ երկրներից մեզ անընդհատ խնդրում են համատեղ հավաք անցկացնել։ Մենք էլ որոշեցինք ընտրել այս հավաքականները։ Ինչքան շատ տարբեր մարզիկների հետ համատեղ հավաքներ անցկացնենք, այդքան ավելի արդյունավետ, իմաստալից և բովանդակալի կլինեն մարզումները»,- գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
     Օրերս Ստամբուլում տեղի ունեցած Վեհդի Էմրեի և Համիթ Քափլանի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Արսեն և Արամ Ջուլֆալակյանները։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պարզաբանեց, թե ինչու է նման որոշում կայացրել։
     «Արսեն Ջուլֆալակյանը թուրք շատ հակառակորդներ ունի։ Նրան պետք էր հանդիպել նրանց հետ, այդ պատճառով որոշվեց, որ նա կմեկնի Թուրքիա։ Մարզումներին մենակ չլինելու համար մեկնեցին եղբոր հետ։ Նշեմ նաև, որ Բուլղարիայի մրցաշարն ամեն տարի շատ հզոր է եղել, այս տարի, սակայն, միջին ստացվեց: Իսկ Ստամբուլի մրցաշարը միշտ շատ ուժեղ է եղել, և ինձ պետք էր, որ Արսենը շատ ուժեղ մրցաշարի մասնակցեր։ Նրան պետք էր լավ մրցաշարում հաղթել, ինչն ստացվեց»»,- եզրափակեց Ջուլֆալակյանը։

7916 | 0
Facebook